«Մենք իմանում ենք 500 դեպքի մասին, իսկ իրականում նոր դեպքերի թիվը մոտավորապես 5500 է». Հրանտ Միքայելյան

Կովկասագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն այն կարծիքին է, որ Հայաստանում կորոնավիրուսի չգրանցված դեպքերի թիվը շատ մեծ է:

«Կա այդպիսի ցուցանիշ՝ թեստերի դրական տոկոս, այսինքն՝ այս ընթացքում անցկացված թեստերի քանի տոկոսն է եղել դրական, և ինչքան բարձր է այդ տոկոսը, այդքան շատ ունենք թերագրանցում, որովհետև եթե դիտարկենք այն երկրները, որտեղ թեստավորումը եղել է շատ լայն, ապա կտեսնենք, որ այնտեղ մեկ դրական թեստի դիմաց եղել է 30-100 կամ նույնիսկ ավելի բացասական թեստ: Վրաստանում ունենք 73 բացասական՝ 1 դրականի դիմաց, Հայաստանում մենք ունենք մոտ 5 բացասական՝ 1 դրականի դիմաց, իսկ վերջին օրերին՝ մոտ 2.5: Սա նշանակում է, որ թերագրանցումը շատ մեծ է, և ըստ այդմ՝ մենք իմանում ենք 500 դեպքի մասին, իսկ իրականում նոր դեպքերի թիվը մոտավորապես 5500 է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Հրանտ Միքայելյանը:

Ըստ նրա՝ իշխանությունները երկու սխալ են թույլ տվել. «Առաջին՝ չունեին ծրագրված քաղաքականություն, որով ինչ-որ մի արդյունքի պետք է հասնեին, չէին հասկանում, թե ինչի դեմ էին պայքարում, ոնց էին պայքարում, այսինքն՝ բավականին իմպուլսիվ քաղաքականություն էր վարվում: Երկրորդ՝ նրանք տրվեցին գայթակղությանը, որ շվեդական մոդելն աշխատում է, այն կաշխատի նաև Հայաստանում: Եվ այստեղ կողմնակի պատճառն այն է, որ նրանք վախեցան սոցիալական բունտերից, վախեցան, որ սոցիալական լարվածությունը կաճի, քանի որ տնտեսությունը սկսեց բավականին արագ նվազել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս