Բաժիններ՝

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի 3 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

«Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել։ Վարակակիրները երիտասարդ և միջին տարիքի անձինք են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց կարի արտադրամասի տնօրեն Բագրատ Դարբինյանը։

Նրա փոխանցմամբ՝ հայտնի չէ, թե աշխատակիցները որտեղից են վարակվել։

«Կային մոտ 10 հոգի, որ ջերմություն ունեին, մենք նրանց ընդհանրապես չենք թողել աշխատանքի գալ։ Մի քանիսը գնացել էին բժշկի, մեկին ասել էին՝ ատամդ է ցավում,  բորբոքված է, դրա համար  է այդպես, մյուսին էլ, թե՝ պաղպաղակ ես կերել՝ կոկորդդ է բորբոքվել։ Այնպես չէ, որ մասսայական կորոնավիրուս են։ 3 հոգու մասին էլ առավոտյան ենք իմացել։ Մենք նրանց տուն էինք ուղարկել, որ բժշկի թուղթ բերեին, քանի որ տաքություն ունեին։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասում է, որ հաստատվել են այդ երեք դեպքերը»,- նշեց «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենը՝ հավելելով, որ, ցավոք, կորոնավիրուսը տարածված է ամբողջ հանրապետությունում, ու խուսափել կարծես թե հնարավոր չէ։

«Մենք բոլոր հրահանգներին հետևում ենք, ամբողջ օրը քլոր ենք փչում, ջերմություն ենք չափում, ախտահանում ենք»,- հավելեց տնօրենը։

Նշենք, որ «Գլորիա» կարի ֆաբրիկան հիմնադրվել է 1977 թվականին:

Ֆաբրիկան կարող է արտադրել ցանկացած բարդության ժամանակակից և եվրոպական որակի պահանջներին համապատասխան արտադրանք:

«Գլորիա»-ն ունի 2 մասնաճյուղ, 2500 աշխատող:

2 մասնաճյուղերում միասին ամեն ամիս արտադրվում է 150.000 տարբեր տեսակի հագուստներ, վերարկուներ, բաճկոններ, մոտոցիկլիստների հագուստներ, տարբեր տեսակի պաշտպանիչ հագուստներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս