«Սատանան թաքնված է մանրուքներում». Աբովյանը՝ հրատապ ընդունվող նախագծի մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը միշտ ասել է, որ դեմ չէ բարեփոխումներին, այդ թվում՝ ոստիկանական համակարգի, որտեղ բարեփոխումներն ուղղակի անհրաժշտություն են:
«Սակայն, այս ամենի հետ մեկտեղ՝ հիշեցնեմ, որ, երբ բերվել էր «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը, որոշում ընդունվեց, որ այն պետք է ընդունվի 24-ժամյա ռեժիմով: Իսկ այսօր Արդարադատության փոխնախարարն ասաց, որ այն ուժի մեջ է մտնելու ընդունումից անմիջապես հետո»,- ասաց Արման Աբովյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթի ընդունման հարցը, որը նախատեսում է ստեղծել առանձին պարեկային ոստիկանություն:
Պատգամավորը հարց բարձրացրեց, թե ինչու երկու շաբաթ չի տրամադրվում օրինագիծը պատշաճ քննարկելու համար:
«Փաստացի այս նախագծով վերափոխվում է ոստիկանությունը: «Սատանան թաքնված է մանրուքներում», և ժամանակ չունենալով այդ դետալներն ուսումնասիրելու՝ առաջանում են բազմաթիվ հարցեր»,- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում