«Հանրաքվեի չեղարկումը համավարակի այս պայմաններում պարզապես անհրաժեշտություն է». Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխության նախագծին և դրա հետ կապված ընդդիմադիրների ելույթներին՝ ասաց, որ բոլոր օրենքները պետք է ծառայեն ՀՀ քաղաքացուն:
«Այս պարագայում պետք է ծառայեն նաև ՀՀ քաղաքացու անվտանգությանը, նաև հանրային անվտանգությանը: Հետևաբար՝ հանրաքվեի չեղարկումը համավարակի այս պայմաններում պարզապես անհրաժեշտություն է: Մենք չենք կարող վարակի նման աճ արձանագրվելու կամ դրա գոյության պարագայում իրականացնել հանրաքվե:
Կարծում էի՝ այս ամենը պետք է ընդունելի լիներ նաև ընդդիմադիր մեր գործընկերների համար: Կարծում եմ՝ նրանց մտահոգությունն ավելի շատ պայմանավորված է ոչ այնքան հանրաքվեի չեղարկումով, այլ ամեն ինչ առնչվում է Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու հետագա քայլերին: Մենք այդ մասին ասել ենք և չենք թաքցնում, որ ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը և ՍԴ-ի մոդելը համապատասխանեն իրար»,- նշեց Լիլիթ Մակունցը:
Հիշեցնենք, որ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցի «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխության նախագծի քվեարկությանը, քանի որ այն հակասահմանադրական է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ դեմ քվեարկեց նախագծին:
Ըստ Լիլիթ Մակունցի, եթե համավարակ է, ապա դա չի նշանակում, որ Հայաստանում բարեփոխումների օրակարգը պետք է կանգ առնի, այդ օրակարգը շարունակվելու է, որի մի մասն են կազմում ոչ միայն՝ ՍԴ-ի, այլև դատական համակարգի բոլոր բարեփոխումները: