«Ելնելով փոխոսնակի ընտանիքի և հատկապես նրա կնոջ նկատմամբ մեծ հարգանքից, այս թեման չեմ շարունակի. միայն մեկ կոչ կանեմ…». Անի Սամսոնյան

Երեկ ԱԺ նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կոչ արեց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանին՝ իր մասին ավելի քիչ խոսել, քանի որ ինքը, միևնույն է, չի պատասխանելու իրեն:

Ալեն Սիմոնյանը Անի Սամսոնյանին հորդորեց նաև իր մասին քիչ խոսել, քանի որ ինքն ամուսնացած տղամարդ է, ու սխալ կարող է հասկացվել:

Նրա այդ ելույթից հետո բանավեճ, լեզվակռիվ տեղի ունեցավ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի և Ալեն Սիմոնյանի միջև՝ փոխադարձ վիրավորական արտահայտություններով ու պիտակավորումներով:

Միջադեպից հետո, երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց Անի Սամսոնյանից:

168.am-ը Անի Սամսոնյանից հետաքրքրվեց՝ նորմա՞լ է խորհրդարանում կին պատգամավորին վիրավորելը, իսկ երեկոյան Ֆեյսբուքով ներողություն խնդրելը:

«Ելնելով փոխոսնակի ընտանիքի և հատկապես նրա կնոջ նկատմամբ մեծ հարգանքից, այս թեման չեմ շարունակի. միայն մեկ կոչ կանեմ մեր գործընկերներին՝ առհասարակ, երբ մենք մոտենում ենք ԱԺ ամբիոնին, ինքս այդպես եմ անում, իմ ասելիքը մի քանի անգամ եփում եմ իմ գլխում, որպեսզի չասեմ այնպիսի բաներ, որոնք հասարակությունը կլսի, և հասարակության մոտ դրանք կստեղծեն հակասոցիալական, հակահասարակական և հակաբարոյական տպավորություններ: Այսինքն՝ վնաս չեմ հասցնի ինստիտուտներին, այդ թվում՝ ԱԺ համակարգին: Դրա համար շատ կարևոր է, որ երբ մենք նման սխալ ենք գործում ԱԺ ամբիոնից, շատ ճիշտ կլինի՝ նաև ներողությունը խնդրենք ԱԺ ամբիոնից, այսինքն՝ ԱԺ համակարգին վնաս հասնելը պետք է այնտեղ էլ վերականգնվի: Սա կարող է նաև անձնավորված չլինել, անձը կապ չունի, կլինեմ ե՞ս, թե՞ մեկ ուրիշը»,- նշեց Անի Սամսոնյանը:

Դիտարկմանը՝ կարծիքներ են հնչում, որ, եթե ԱԺ դահլիճում գտնվող կին պատգամավորներն Ալեն Սիմոնյանի հայտարարությունից հետո դուրս գային նիստերի դահլիճից՝ ի նշան բողոքի, գուցե այդպիսով կանխեին հետագայում նման դրսևորումների կրկնությունը, Անի Սամսոնյանը նկատեց՝ այդ ամենը յուրաքանչյուրի սկզբունքայնության հարցն է, մարդիկ այդ ամենը տեսնում և գնահատում են:

«Ես առանձնապես մեծ սպասելիքներ չունեմ, բոլոր դեպքերում ինքս, ցանկացած պարագայում, երբ որևէ մեկին վիրավորում են, կապ չունի նրա քաղաքական հայացքները, ինձ համար կարևորը երևույթն է: Մինչև ԱԺ ամբիոնից իմ հասցեին նման խոսք հղելը, եղել են շատ դեպքեր, երբ խմբակցության ներսում տղամարդ գործընկերը վիրավորել է կին գործընկերոջը, պաշտպանել եմ այդ կնոջը: Բայց երկու տարվա ընթացքում մեր իշխանական կին պատգամավորները բավարար ջանքեր չեն գործադրել, որպեսզի այդ երևույթը վերանա, կարծում եմ՝ նրանք աշխատելու մեծ տեղ ունեն»,- շեշտեց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս