«Ի՞նչ եղավ մեր պաթոսային 100 ավտոբուսի մրցույթը». Թեհմինա Վարդանյանի հարցը քաղաքապետին
Երևանի ավագանին այսօր քննարկում էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին հարցը: Ավագանին փոփոխությունը հաստատեց: «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը քաղաքապետին հարցրեց՝ ի՞նչ եղան այն 100 ավտոբուսները, որոնց համար պետք է մրցույթ հայտարարվեր:
«Հուսով եմ՝ այսօր Ձեր տրամադրությունն ավելի լավ է, և հարցից չեք բորբոքվի: Ստիպված եմ կրկին հարցնել այն 100 ավտոբուսների մասին, որոնց մասին բազմիցս հարցրել ենք: Դեռ փետրվարին պետք է հայտարարված լիներ մրցույթը, մենք արդեն մայիս ամիս ենք մտնում, բայց փետրվարի մրցույթը դեռ հայտարարված չէ: Պարետի որոշումից ելնելով և այս ժամանակահատվածում տրանսպորտի դադար վերցնելու արդյունքում՝ քաղաքացիների վիճակը կտրուկ վատացել է: Մարդիկ կա՛մ ոտքով են գնում աշխատանքի, կա՛մ տաքսիով: 80-100 հազար ստացողների համար դա խնդիր է: Ենթադրենք, որ պարետի որոշմամբ արտակարգ դրությունը մայիսին վերացվի, կամ գոնե տրանսպորտը սկսի աշխատել, այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են արվում: Ի՞նչ եղավ մեր պաթոսային 100 ավտոբուսի մրցույթը»,- հարցրեց Վարդանյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց.
«Այսօր լուր կունենանք, նիստի ժամանակ, սպասենք մինչև նիստի ավարտը»: