Ռընե Ռուքեն կարևորում է ցեղասպանության մասին հիշեցնելը, որ այն վերջապես միջազգային ճանաչում ստանա

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ, Ֆրանսիայի Հանրապետության 11-14-րդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր Ռընե Ռուքեն կարևորում է Հայոց ցեղասպանության մասին աշխարհին հիշեցնելը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերջապես միջազգային ճանաչում ստանա: Ռուքեն այս մասին ասել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Մեզնից յուրաքանչյուրիս համար այդ ողբերգության հետ կապված հուզմունքը խորն է և մշտական։ 1915 թ․ հայերի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունը հիշատակելով՝ ուզում ենք մարդկանց գիտակցությանն ի ցույց դնել մի ողջ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագության իրականությունը։ Մենք հիշեցնում ենք ինքներս մեզ, մեր երեխաներին, մեր ընկերներին, նաև բոլոր նրանց, ովքեր անհաղորդ չեն մարդկային կյանքի հանդեպ և ականջալուր են լսելու իրենց եղբայրների տանջանքների ճիչը, քանի որ հենց տանջանքների մասին է խոսքը։ Հայերը երբեք չեն ապաքինվել այն սարսափելի ողբերգությունից, որը նրանց հետ պատահեց 105 տարի առաջ:

Ժամանակն աստիճանաբար մեղմացնում է այդ հիշողությունները՝ հեռացնելով դրանց ողբերգականությունը»,-ասաց նա ու նկատեց, որ տարիները չեն քայքայել Օսմանյան կայսրության դահիճների կողմից ստեղծված սարսափի կոթողը:

Ռուքեի կարծիքով՝ Հայոց ցեղասպանությունը լույս սփռեց դաժանության այն անհավատալի իրողության վրա, թե ինչերի է պատրաստ մարդը մի ազգի ոչնչացման իր վճռական ցանկությանը հասնելու համար։

Նա մի քանի պատճառներ թվեց, որոնց համար պետք է աշխարհին հիշեցնել Հայոց ցեղասպանության գոյության մասին. «Որպեսզի դատապարտվեն պատճառները՝ ազգայնականությունը և վերջինիս դրդապատճառները, անհանդուրժողականությունն ու տարբերությունների մերժումը, ժողովրդավարության բացակայությունը, որպեսզի հարգանքի տուրք մատուցվի զոհվածներին, ամբողջաական դառնա նրանց հիշատակի նկատմամբ հարգանքը, որպեսզի վերջապես միջազգային ճանաչում ստանա 20-րդ դարի՝ 1915 թ․ տեղի ունեցած առաջին ցեղասպանությունը»:

Տեսանյութեր

Լրահոս