Բաժիններ՝

Ընտրությունների համար սահմանված ժամանակահատվածում քննության է առնվել 78 հաղորդում

Մարտի 31-ին կայացած Արցախի համապետական ընտրությունների համար սահմանված նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը իրավապահ մարմինների կողմից դիմում-բողոքների, ահազանգերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների հիման վրա քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ շուրջ 78 հաղորդում:

ԱՀ Դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ՝ քննության առնված 78 հաղորդումներից 23-ով հարուցվել են քրեական գործեր, 24-ով որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 5-ով հաղորդման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել, 3-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ընտրական հանձնաժողովներ` ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 14-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված՝ նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին, 1-ն ուղարկվել է տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ 8-ը գտնվում է քննարկման փուլում:

Հիշյալ 78 հաղորդումներով ներկայացված դեպքերից 36-ը գրանցվել է Ստեփանակերտ քաղաքում, 12-ը՝ Մարտակերտի շրջանում, 11-ը՝ Մարտունու շրջանում, 8-ը՝ Շուշիի շրջանում, 2-ական՝ Քաշաթաղի, Հադրութի և Ասկերանի շրջաններում, իսկ 5 հաղորդման մեջ ներկայացված ենթադրյալ խախտումները կրել են ընդհանրական բնույթ և վերաբերել են տարբեր շրջանների:

Իրավապահ մարմինների կողմից քննված և դեռևս քննության փուլում գտնվող ընտրախախտումները և ընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ հանցավոր և այլ բնույթի իրավախախտումները բովանդակային առումով բաշխվել են հետևյալ կերպ՝

1) ընտրակաշառքի վերաբերյալ-10 դեպք,
2) նախընտրական քարոզչության պաստառները վնասելու վերաբերյալ-3 դեպք,
3) վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ-2 դեպք,
4) լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ-2 դեպք,
5) նախընտրական քարոզչությանը մասնակցող անձին զրպարտելու և վիրավորելու վերաբերյալ-1 դեպք,
6) նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու վերաբերյալ-5 դեպք,
7) ընտրողի ազատ կամարտահայտությունը ճնշելու վերաբերյալ-11 դեպք,
8) քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ-22 դեպք,
9) ընտրական հանձնաժողովի անդամի, լրագրողի կամ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ-4 դեպք,
10) քարոզչությունն արգելված ժամանակահատվածում քարոզչություն կատարելու վերաբերյալ-2 դեպք,
11) այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ-10 դեպք,
12) քվեատուփերը կնքված չլինելու կամ կնիքի ամբողջականությունը խախտված լինելու վերաբերյալ-5 դեպք,
13) ընտրողների հիմնական և լրացուցիչ ցուցակները ոստիկանության կողմից չհրապարակելու վերաբերյալ-1 դեպք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս