Կրակել են Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ. Ոստիկանությունը պարզաբանում է
Այսօր ֆեյսբուքյան Անդրանիկ Հարությունյան անվամբ օգտատերը սոցիալական ցանցի իր էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Երևանում կրակոցներ են հնչել: Այսօր ժամը 02 : 30 – ի սահմաններում կրակել են Օրբելի փողոցում գտնվող սիրված դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղությամբ: Բնակարանը գտնվում է 5-րդ հարկում: Կրակոցից կոտրվել են բնակարանի պատուհանները, բարեբախտաբար, վիրավորներ չկան»:
168.am-ը Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ ապրիլի 14-ին` ժամը 1.42-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել Երևանի Օրբելի 8 հասցեից: հայտնել են, որ կրակել են բնակարանի պատուհանների ուղղությամբ, փամփուշտը մտել է բնակարան:
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` 1.20-ին անհայտ անձը անհայտ զենքով կրակել է նշված բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով գնդակը վնասել է պատուհանի ապակին, կպել բնակարանի պատին ու ընկել մահճակալի վրա: Գնդակը հայտնաբերվել և վերցվել է»,-մեզ հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Վերջինիս խոսքով`նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ կատարողի ինքնությունը պարզելու, նրան և զենքը հայտնաբերելու ուղղությամբ;
Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
168.am-ի տեղեկություններով` նշված բնակարանն իսկապես պատկանում է դերասան Հովհաննես Ազոյանին: