Բաժիններ՝

«Մարդիկ տանն են, չեն աշխատում, բայց գլխներին տոկոսները պտտվում են». Արման Աբովյանը՝ Տիգրան Ավինյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր ԱԺ հատուկ նիստում, որտեղ քննարկվում է արտակարգ ռեժիմը երկարաձգելու հարցը, Կառավարության անդամների ներկայությամբ կրկին բարձրաձայնեց վարկերի տոկոսների հետ կապված հարցը:

«Նախորդ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոչ արեց, որ բանկերը գնան որոշակի համաձայնության, նաև հայտարարություն եղավ, որ բանկերը ֆիզիկական անձանց, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի շահառուների հետ քննարկումներ են ունեցել և եկել ինչ-որ համաձայնությունների: Բայց այսօր ունենք մի իրավիճակ, որ այն տոկոսները, որոնք արտակարգ  դրության պայմաններում չեն կանգնեցվել և վերահաշվարկվելու են, քաղաքացիները հետո պետք է դրանք վճարեն: Փաստացի ստացվում է, որ տոկոսային և վարկային բեռի նվազում չի լինելու, ամեն դեպքում՝ այսօրվա դրությամբ: Կարծում եմ՝ տոկոսների և վարկերի հարցը պետք է ինչ-որ ձևով լուծվի, որովհետև համոզված եմ, որ այս հարցի հետ կապված  նամակներ մարդկանցից ստացել եք»,- ասաց պատգամավորը:

Պատասխանելով բարձրացված հարցին՝ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ արտակարգ դրություն հայտարարելուց մեկ օր հետո Կենտրոնական բանկն աշխատելով բանկերի հետ՝ սահմանել է որոշակի կանոններ, և այս փուլում իրավաբանական և ֆիզիկական անձինք օգտվում են վարկային արձակուրդից:

«Իհարկե, սա ամեն մի ոլորտի շահառուի համար  ինդիվիդուալ պայմաններում է տրամադրվում, այդուհանդերձ, գիտեմ, որ նմանատիպ բազմաթիվ դեպքեր արդեն արձանագրված կան: Ինչ վերաբերում է տոկոսների հարցին, կարծում եմ՝ այս փուլում վաղ է տոկոսների չեղարկման մասին խոսել, քանի որ, ընդհանուր առմամբ մի քանի կարևոր բան պետք է արձանագրենք: Նախ՝ բանկային համակարգը ստանում է ավանդներ, որոնք բաժանում է վարկերի տեսքով, այդ ավանդատուները ստանում են իրենց տոկոսները:

Պետք է հասկանալ, որ, եթե չեղարկում ենք տոկոսները, ավադատուների տոկոսները ևս չեղարկո՞ւմ ենք, սա միակողմանի խնդիր չէ, և այդ խնդիրը լուծելու համար, կարծում եմ՝ տարբեր գործիքներ են կիրառվել ԿԲ-ի կողմից: Ինչ վերաբերում է Կառավարությանը, ապա այն իր տնտեսական և սոցիալական ծրագրերով փորձում է թիրախավորել ամենազգայուն շրջանակներին և թիրախային իր գործիքներով օժանադակել ֆիզիկական և իրավաբանական անձանց»,- ընդգծեց Տ. Ավինյանը:

Արձագանքելով՝ Արման Աբովյանը շեշտեց, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացել է տնտեսական ճգնաժամ, և հասկանալի է, որ համաճարակը հաղթահարելուց  հետո թե՛համաշխարհային, թե՛  հայաստանյան տնտեսության առումով բավականին լուրջ հարված  է լինելու:

«Կարծում եմ՝ ավելի ակտիվ  վարչարարական մեխանիզմներով պետք է գործել, որպեսզի այս տոկոսավարկային էպոպեան, որը մարդկանց վրա ծանր է նստում, ինչ-որ ձևով լուծվի, քանի որ իրականում վիճակն անհնարին է: Հասկանում են փաստարկները, տրամաբանությունը, բայց դրա հետ մեկտեղ՝ այսօր ունենք այն, ինչ ունենք, մարդիկ տանն են, չեն աշխատում, բայց գլխներին տոկոսները պտտվում են»,- եզրափակեց Արման Աբովյանը:

Տիգրան Ավինյանն արձագանքեց, թե, համաձայն է, որ, ինչպես աշխարհում, այնպես էլ  Հայաստանում  կա որոշակի ճգնաժամ, և շատ դեպքերում դա նույնիսկ կապված չէ այն սահմանափակումների հետ, որոնք իրականացվում են տնտեսական գործունեության մասով, պարզապես աշխարհում նման իրավիճակ է՝ տնտեսական թռիչքներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս