Բաժիններ՝

«Կենտրոն» ՀԸ լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կա մեղադրյալ, գործը դեռ նախաքննության փուլում է. դատախազություն

2019 թվականի դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանում ծավալվող իրադարձությունները լուսաբանելու նպատակով նկարահանելիս  «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի և նույն հեռուստաընկերության օպերատոր Սիմիկ Մայիլյանի մասնագիտական օրինական գործունեությունը որոշ մարդիկ փորձել էին խոչընդոտել:

Մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, նրանց քաշքշելու, տեսանկարահանման իրականացումը խանգարելու, տեսախցիկի լուսավորության սարքավորումը վնասելու դեպքի առթիվ հենց հաջորդ օրը հարուցվել էր քրեական գործ: Օրեր անց՝ հունվարի 10-ին, հարուցված քրեական գործի շրջանակներում մեկ անձ՝ Արարատի մարզի 1966 թվականին ծնված բնակիչը, ներգրավվել էր՝ որպես կասկածյալ:

Հարուցված քրեական գործի ընթացքի մասին տեղեկություն ստանալու նպատակով 168.am-ը դիմեց  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին, որը, մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց, որ գործն այս պահին դեռևս գտնվում է նախաքննության փուլում:

Ինչ վերաբերում է գործում որպես կասկածյալ ներգրավված քաղաքացուն, նրան առաջադրվել է մեղադրանք  ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու համար: Արարատի մարզի 1966 թվականին ծնված բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս