Լրացուցիչ մահճակալային ֆոնդ և բժշկական անձնակազմ ունենալու համար Կառավարությունն օրենքներում փոփոխություն է առաջարկում
Ապրիլի 13-ին մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը:
«Դեղերի մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է երկարաձգել դեղերի լիցենզավորման գործընթացի ավարտի ժամկետն ապրիլի 15-ի փոխարեն՝ մինչև օգոստոսի 15-ը:
Այս փոփոխությամբ դեղերի մեծածախ առևտրով զբաղվողները հավելյալ 4 ամիս ժամանակ կունենան լիցենզավորվելու և դեղերի վաճառքն իրականացնելու համար:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին» օրենքներում Կառավարության առաջարկած փոփոխությունները հնարավորություն են տալու ստեղծել լրացուցիչ մահճակալային ֆոնդ և ունենալ լրացուցիչ բժշկական անձնակազմ՝ կորոնավիրուսով վարակակիր հիվանդներին բժշկական օգնություն տրամադրելու նպատակով:
Ըստ փոխնախարարի՝ այժմ կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրավված է 9 բժշկական կենտրոն, սակայն դիտարկում են հավելյալ ԲԿ-ների ներգրավման խնդիրը:
Օրենքի նախագծերն Ազգային ժողովում ներկայացնող Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ՝ լրացուցիչ բժշկական անձնակազմը համալրած բոլոր մասնագետների հետ կնքվելու են աշխատանքային պայմանագրեր: