«Առանց այն էլ՝ բոլորս լարված ենք, և մեկ ավելորդ խոսքը կարող է պայթյուն առաջացնել, եկեք հարգենք միմյանց և բաներ չասենք». Սերգեյ Բագրատյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հակադարձելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի այն հայտարարությանը, որ, եթե ընդդիմադիրները ոչինչ չեն անում, ապա ինչո՞ւ են մարդկանց հարկերի հաշվին աշխատավարձեր ստանում, նշեց.
«Տիկին Բաղդասարյան, կարծում եմ՝ մենք միմյանց նկատմամբ պետք է հարգալից լինենք, երբ հարցադրում եք անում, թե ի՞նչ ենք արել մենք, ի՞նչ եք մտածել, ի՞նչ պետք է պատասխանենք, այսինքն՝ մենք պետք է թույլ տանք ու մեր արածների մասին ասե՞նք: Հիմա մենք ցանկանում ենք օր ու գիշեր օգնել, որպեսզի մեր ժողովուրդն այս վիճակից դուրս գա, բայց եթե դրա մասին պետք է բարձրաձայնենք, չեմ կարծում, որ ճիշտ կլինի»:
Ինչ վերաբերում է երեկ առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Էլեկտրոնային հաղորդակցման մասին օրենքում և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պանդեմիայի պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնել, ըստ այդմ էլ պետք է ստեղծվի միասնական հարթակ, որտեղ կհավաքվի անձանց հեռախոսազանգերի մասին տվյալներ՝ կորոնավիրուսով վարակված մարդու շփման հնարավոր շրջանակն արագ բացահայտելու համար, Սերգեյ Բագրատյանը նշեց, որ նման հարցերը կարելի էր Կառավարության կամ պարետի որոշումով լուծել:
«Այսօր ԱԺ պետք է բերվեն ամենակարևոր նախագծերը, գոնե սրա հետ կապված կարո՞ղ ենք Ձեզ հետ չհամաձայնել, որ՝ այս հարցը մի բերեք այստեղ, սա տեսակետ է, չէ՞, և մենք կարող ենք տարբեր մտածել: Վստահ եմ, որ այսօր 132 պատգամավորներն էլ օր ու գիշեր մտածում են, թե ինչով կարող են օգնել այս վիճակում, որից կարող ենք դուրս գալ ուս ուսի տված, եթե պետք է միմյանց վիրավորեն, ապա նվազեցնում ենք մեր ազգային էներգիան: Այսօր մենք իրար պետք է օգնենք, որ չհոգնենք և կարողանանք այս վիճակից դուրս գալ»,- հավելեց պատգամավորը:
Նա նաև ընդգծեց, որ պետք է կարևորվի այն հանգամանքը, որ, եթե հավաքվում են, ապա պետք է հավաքվեն խիստ կարևոր հարցերի շուրջ:
«Չեմ կարծում, որ այս օրակարգով ԱԺ-ն պետք է հավաքվեր, սա այն օրակարգը չէր, որ մենք հավաքվեինք: Խնդրում եմ նաև ԱԺ ղեկավարին, որ նման հարցերը փորձեն օպերատիվ լուծել, արտակարգ իրավիճակի պայմաններում այդ իրավունքները կան: Առանց այն էլ՝ բոլորս լարված ենք, և մեկ ավելորդ խոսքը կարող է պայթյուն առաջացնել, եկեք հարգենք միմյանց և բաներ չասենք, որոնց համար հետագայում կարող ենք վատ զգալ»,- եզրափակեց Սերգեյ Բագրատյանը: