Բաժիններ՝

Դատախազությունը քննարկում է՝ բողոքարկե՞լ փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի գործով մեղադրյալներից մեկի ազատ արձակման որոշումը

ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու գործով   2 մեղադրյալներից մեկի՝ Զավեն Գրիգորյանի՝ 1,5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակման Վերաքննիչի որոշումը Դատախազությունը ստացել է: Կբողոքարկե՞ ն  այն, թե՞  ոչ, դեռ հայտնի չէ: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ որոշումը դեռ քննարկման փուլում է:

Զավեն Գրիգորյանն ազատ էր արձակվել մարտի 6-ին: Նրա փաստաբան Լևոն Սահակյանը մեզ հետ զրույցում պնդել էր, որ իր պաշտպանյալը «երկաթե ալիբի» ունի: Վերաքննիչի որոշումից հետո բողոքի ակցիայի էին դուրս եկել Արա Մխիթարյանի հարազատները, պահեստազորի սպաները և գործով մտահոգ այլ քաղաքացիներ: Նրանք վստահ են, որ Զավեն Գրիգորյանը ներկա է եղել դեպքին, այնպես, ինչպես Տրդատ Սարգսյանը: Սպայի հայրը պահանջում է արդար քննություն, հակառակ դեպքում, պնդում է՝ դիմելու է ծայրահեղ քայլերի:

Հիշեցնենք՝  2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով   ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանն արդեն 6 ամիս գտնվում է կոմայի մեջ: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել  Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել  մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով: Երկուսն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Դեպքի հետ կապվում է նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք են տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել են նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս