Բաժիններ՝

«Քթներիցդ կբերեմ, եթե արդարադատությունը իմ հարցերը չլուծեց, ամբողջ աշխարհը խառնելու եմ իրար». Արա Մխիթարյանի հայր

Այսօր Մուրացանի զինվորական հոսպիտալի դիմաց ակցիա էին անցկացնում Վայոց ձորում 2019-ի սեպտեմբերին ծեծված սպա Արա Մխիթարյանի հայրը, պահեստազորի սպաներ, հասարակական գործիչներ: Պատճառն այն էր, որ երեկ Վերաքննիչ դատարանը 1.5 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործով 2 մեղադրյալներից մեկին՝ Զավեն Գրիգորյանին: Գործով մյուս մեղադրյալը վերջինի եղբայրն է՝  Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը, նրանց մեղադրանք է առաջադրվել  մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով: Արա Մխիթարյանն արդեն 6 ամիս կոմայի մեջ է:

«Ժողովուրդ, սպաների մայրեր, զգույշ եղեք, ձեր երեխաներին պահեք, քանի որ հիմա սպան շատ ցածր մակարդակի է իջած, ով ուզենա՝ կարող է խփել: Էն սպան, որը սահմանին է կանգնած, ավելի է պաշտպանված, քան երկրի ներսում: Երկրի ներսում կարող են սպային ջարդել, փշրել ու աշխարհով մեկ հայտարարել, թե՝ մեր դեմը խաղ չկա, ինչ կուզենք՝ կանենք: Երեկ ազատ են արձակել այն մարդուն, ով 100 տոկոս մասնակից է եղել ծեծկռտուքին, որ «գռուպավոյ» չգնան: Գոռում են՝ դատարանի արդարություն, ո՞ւր է, երբ ուզում՝ առնում են, երբ ուզում՝ ծախում են: Ջարդեք, փշրեք, 1.5 տվեք, ման եկեք»,- ասաց Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը:

Սպայի հայրը պատմում է, որ նամակներ է գրել և՛ վարչապետին, և՛ դատախազություն, բովանդակային որևէ պատասխան չի ստացել, այսօր էլ իրեն հայտնել են, թե Դատախազությանը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչի որոշումը:

«Ես էլ ոչ մեկին չեմ հավատում՝ ո՛չ պետությանը, ո՛չ բանակին: Մինչ այսօր «փափուկ բարձ» էին դնում գլխիս տակ՝ ասելով, թե ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Սամվել Մխիթարյանը:

Կառավարությանն ու Դատախազությանը մինչև հինգշաբթի ժամանակ տվեց սպայի հայրը, որ խնդրին լուծում տան, հակառակ դեպքում, ասաց, որ  3 նամակ ունի այնպիսի բովանդակությամբ, որոնց ձայնը հետո կլսեն, և որոնք պատրաստվում է ուղարկել օվկիանոսից այն կողմ, ՄԻԵԴ և Եվրախորհուրդ:

«6 ամիս էս պատերի տակ եմ, շներն արդեն ինձ ճանաչում են: Շունը, որ շուն է, խմած մարդուն մոտիկ չի գնում, գայլերի ոհմակ եք, տղա չեք, որ «աձին-աձին» կանգնեիք խփեիք, ես էլ ասեի՝ դե տղա են, կռիվ են արել: Գայլի ոհմակով հարձակվել, ծեծել եք սպաներին, հիմա էլ պիտի պարծենաք, թե օֆիցեր եք ծեծե՞լ, քթներիցդ կբերեմ: Եթե արդարադատությունը իմ հարցերը չլուծեց, ամբողջ աշխարհը խառնելու եմ իրար»:

Անդրադառնալով Արա Մխիթարյանի առողջական վիճակին՝ հայրն ասաց, որ ոչ մի փոփոխություն չկա. «բժիշկները հույսը դրել են ժամանակի և Աստծո վրա»: Ինչ վերաբերում է արտերկիր տեղափոխելուն, Մխիթարյանն ասաց, որ վախենում են տեղից շարժել իր տղային, հնարավոր է՝ վատ հետևանքներ լինեն:  Արա Մխիթարյանի ընտանիքն արդեն 6 ամիս Երևանում է ապրում.

«Արայի տղան այնքան խելացի է, որ չի ուզում գա, հորն այս վիճակում տեսնի, ուզում է նենց հիշել: Ամեն գիշեր զանգում է, որ հետը հարցեր լուծի, Արան չի կարողանում պատասխանել»:

Սամվել Մխիթարյանը գործով մտահոգ բոլորին կոչ արեց հինգշաբթի օրը ժամը 11-ին հավաքվել Կառավարության շենքի առջև:  Սպայի հորն ու իր ընտանիքին աջակցելու եկած փոխգնդապետ Կարեն Հակոբյանին շատ էր բարկացրել լսած լուրը.

«Կոչ եմ անում այդ տիպի ճիվաղներին՝ հեռու մնացեք հայոց բանակից, անկախ կարգավիճակից, անկախ սոցիալական վիճակից: Սա արդեն վերջն էր, չի կարելի հայոց սպաների ճակատագրերի հետ խաղալ: Պատերազմող երկիր ենք, ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել, ձեր նման «լնգուլավազները» չեն կարող գալ մեր հետ, գնալ պատերազմի, իրենք հոգեբանորեն էլ պատրաստ չեն: Հանեք էս ատելությունը ձեր միջից,  մենք էսպես ներսից ենք քանդվում: Երեք գործող սպաներ ցուցմունք են տվել, որ մարզպետը և ևս 6-7 հոգի ներկա են եղել, քննչական մարմինները հետո շուռ են տալիս, որ Տրդատ Սարգսյանը չի եղել: Ինքն էլ է եղել, էն 6-7 հոգին էլ են եղել: Հիշեք՝ դուք հավերժ չեք, անցնելու են տարիներ, գործը վերաբացվելու է, պատասխան եք տալու, եթե չփախնեք Հայաստանից»,- ասաց Կարեն Հակոբյանը:

Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ ականատես սպաներից մեկն անձամբ է այդ օրը դեպքի վայրում շփվել Տրդատ Սարգսյանի հետ, իրենց ձեռքի տակ կան նաև սպայի հարցազրույցի ձայնագրությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս