Բաժիններ՝

Արա Մխիթարյանի գործով մեղադրյալներից մեկն ազատ կարձակվի. Կալանքը փոխարինվել է 1 մլն 500 հազար դրամ գրավով

ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով 2 մեղադրյալներից մեկը՝  Զավեն Գրիգորյանը, այսօր ազատ  կարձակվի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Լևոն Սահակյանը:

Զավեն Գրիգորյանն ու իր եղբայրը՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը, որպես մեղադրյալ են ներգրավվել 2019-ի սեպտեմբերի 18-ին Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործով:

Նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով: Ծեծկռտուքի հետևանքով ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Զավեն Գրիգորյանն այս գործով ձերբակալվել է 2019-ի հոկտեմբերի 2-ին: Առաջին ատյանի դատարանի՝ կալանքը երկարաձգելու որոշումը Գրիգորյանի փաստաբանը բողոքարկել էր Վերաքննիչում ու կալանքը փոխարինելու միջնորդություն ներկայացրել, չնայած քննիչի առարկություններին, այսօր առավոտյան դատարանը որոշում է կայացրել մեղադրյալի օգտին:

«Վերաքննիչ դատարանը բավարարեց մեր միջնորդությունը և Զավեն Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց 1 մլն 500.000 դրամ գրավով»,- ասաց փաստաբան Լևոն Սահակյանը:

Փաստաբանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ եղբայրները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, իսկ Զավեն Գրիգորյանն առհասարակ որևէ առնչություն չի ունեցել Արա Մխիթարյանի հետ.

«Ակնկալում ենք, որ մոտ օրերս քրեական հետապնդումը կդադարեցվի, և սուտ մատնության հատկանիշներով առնվազն 2-3 հոգու դեմ քրեական գործ կհարուցվի»,- ասաց փաստաբանը:

Վերաքննիչում փաստաբանի բողոքի քննությունը պետք է լիներ դեռ փետրվարի 28-ին, սակայն Լևոն Սահակյանի խոսքով՝ դատախազը չէր ներկայացել: Քննիչը միջնորդել էր, որ նիստը հետաձգեն:

«Մենք «ըմբռնումով» մոտեցանք քննիչի այդ միջնորդությանը, քանի որ ենթադրում ենք, որ նա չէր ցանկանում միանձնյա կրել Զավեն Գրիգորյանին ապօրինի կալանքի տակ պահելու իրավաբանական ռիսկը: Արդյունքում՝ նիստը հետաձգվեց մարտի 4-ին: Այդ անգամ էլ դատարանից զանգահարեցին ինձ և հայտնեցին, որ դատավորը խորհրդակցական սենյակում է, ինչը նշանակում է, որ օրենքն արգելում է նրան այդ ընթացքում մեր ներկայացրած բողոքը քննել: Նիստը հետաձգվեց մինչև մարտի 5-ը, որոշումը եղավ այսօր»:

Լևոն Սահակյանը ավելի վաղ խոստացել էր, որ եթե, իր խոսքով՝ «բացարձակապես անմեղ ՀՀ քաղաքացին» ազատ չարձակվի, ապա հերթով հրապարակելու է նախաքննական գաղտնիք համարվող տեղեկություններ և հաղորդում է ներկայացնելու ՀՔԾ՝ ապօրինի կալանքի տակ պահելու վերաբերյալ:

«Բնականաբար, այլևս չեմ հրապարակի, կարևորը, որ Զավենն արդեն ազատության մեջ է»,- ասաց Լևոն Սահակյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, ասել էր, որ չի հավատում, թե մեղադրյալներից մեկը դեպքի վայրում չի եղել, ինչպես չի հավատում Քննչական կոմիտեի այն հայտարարությանը, որ Վայոց ձորի նախկին մարզպետը ներկա չի եղել վիճաբանությանը: Գործով ականատես վկաներն առերես հարցաքննության ժամանակ պնդել են իրենց ցուցմունքներն այն մասին, որ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում է եղել և անգործություն է դրսևորել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս