«Շարունակելու եմ պաշտոնավարել». ԲԴԽ անդամը՝ իր հրաժարականի լուրերի մասին

Այսօր Analitik.am-ը լուր էր հրապարակել, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել։
Տեղեկատվության հետ կապված ԲԴԽ-ն հերքում էր տարածել՝ նշելով, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: «Մտացածին են նաև անստորագիր նյութի հեղինակի այն պնդումները, թե Հ. Հովհաննիսյանը ցանկանում է իբր աղմուկով հեռանալ և մտադրություն ունի տեղավորվել Սահմանադրական դատարանում՝ սահմանադրական փոփոխություններից հետո»,- նշված է հերքման տեքստում:

168.am-ի հետ զրույցում Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել և շարունակելու է աշխատել ի նպաստ ոլորտի բարելավման։

«Ես շարունակելու եմ պաշտոնավարել։ Չեմ կարող ասել, թե ինչու է նման լուր շրջանառվել։ Ես շարունակելու եմ իմ գիտելիքներն ու կապերը ներդնել, որպեսզի մենք ունենանք այնպիսի դատական իշխանություն, որի կայացրած դատական ակտերը համընդհանուր ընդունելի կլինեն մեր հանրության համար թե՛ երկրի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս, այնպես, ինչպես խոստացել եմ իմ երդման տեքստից առաջ»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ այն պատճառաբանելով հետևյալ կերպ.

«Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդմանս համաձայն, բարձր պաշտոնը ստանձնելուց ի վեր նախաձեռնել և առաջնորդել եմ մի շարք ծրագրեր` միտված դատարանների արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ու միջազգային լավագույն չափանիշերին համապատասխանեցմանը։ Համոզված եմ, որ այդ ծրագրերի գործարկումն ու իրականացումը կբարձրացնի դատական իշխանության հանդեպ հանրային վստահությունը և կնպաստի Հայաստանի տնտեսական մրցակցային դաշտի ու ներդրումային միջավայրի գրավչության բարելավմանը։

Ցավոք, Բարձրագույն դատական խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին»։

Սակայն ԲԴԽ նիստում նա չի պնդել իր դիմումը և շարունակել է պաշտոնավարումը: «Մանրամասն այսօր քննարկեցինք այդ խնդիրները՝ դատական բարեփոխումների առաջնահերթությունների հետ կապված, սկզբունքային տարաձայնությունները հաջողվեց հաղթահարել, և այն խոչընդոտները, որոնք առկա էին, հիմա վերացված են: Ես շարունակելու եմ պաշտոնավարել և իմ աշխատանքը կատարել»,- բացատրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս