«Եթե այդ եզրակացությունները իրոք առկա են, ապա կասեք ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ 30 օրը». Արփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՎ ԿՐԿԻՆ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաոսից խուսափելու հրամայականը
Հարգելի գործընկերներ,
Այս հղմամբ հասանելի է մեր վերլուծությունը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի և կից ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ: Վերլուծությունում դրույթ առ դրույթ ներկայացված են օրենքների նախագծերի փաթեթի այն կետերը, որոնք վիճահարույց են և հետագայում կարող են առաջացնել խնդիրներ: Ես չեմ խորշում ևս մեկ անգամ ընդգծել, որ ներդրվող ինստիտուտը ի տարբերություն քրեական վարույթի, որը մեղադրյալի համար սահմանում է բազմաթիվ երաշխիքներ և պաշտպանության ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում, էականորեն ավելի բարենպաստ պայմաններ է սահմանում վարույթն իրականացնող մարմնի` դատախազության համար: Ուստի նախագիծը այս տեքստով, այս լուծումներով ոչ միայն խնդիրներ է ստեղծելու ՀՀ քաղաքացների համար` ոտնձգելով նրանց սեփականության իրավունքին, անմեղության կանխավարկածին, մի շարք այլ իրավունքներին և երաշխիքներին, այլ հետագայում մեջքով է շրջվելու հենց պետության նկատմամբ:
Նախագծի հեղինակներին հորդորում եմ յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել: Եթե անգամ դուք, կամ ես խորացել ենք ու գիտենք այս ինստիտուտի նրբությունները, օրենքում գրված ամեն դրույթի տրամաբանությունը, դա ամենևին այդպես չէ կիրառող մարմնի ամեն աշխատակցի դեպքում: Հատկապես քաղաքական ցուցումի դեպքում իրենց վատ իմացությամբ նրանք կարճաժամկետ վնասելու են քաղաքացուն, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով` պետությանը:
Դատախազությանն էլ կոչ եմ անում զգոն և ուշադիր լինել, հատկապես այս դեպքում չտրվել գայթակղությանը, այս դեպքում մարդկանց գույքի, սեփականության հետ եք գործ ունենալու, ու ամեն մի սխալը դառնալու է անձամբ ձեր, հետո` քաղաքական պատվիրատուի ու պետության խնդիրը: Եթե ամեն ինչ անեք օրինական, ապա բոլորս կշահենք։
Մեր դիտարկումները ուղարկվել են նաև ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ ԱԺ խմբակցություններ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Հ.Գ. Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարարը, անդրադառնալով բռնագանձման ենթակա գույքի համար սահմանված 25 միլիոն դրամի շեմին, նշել էր. «Նախապես նույնիսկ հիսուն միլիոն էր դրված, սակայն միջազգային փորձաքննություններից հետո վերանայեցինք:»
Այս կապակցությամբ մեր կազմակերպությունը դիմել էր նախարարին` խնդրելով տրամադրել միջազգային փորձագետների կարծիքների պատճենները կամ գոնե նշված կարծիքներից քաղվածքները, որոնցով առաջարկում է նվազեցել շեմը: Երեկ նախարարությունից մեզ տրամադրեցին պատասխան, որ լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն կա, և հարցման պատասխանը կտրամադրվի, ոչ թե հինգօրյա այլ, երեսունօրյա ժամկետով: Եթե այդ եզրակացությունները իրոք առկա են, ապա կասեք ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ երեսուն օրը: Տպելո՞ւ, թե ՞ պատճենելու համար: Հինգ օրում գոնե քաղվածքը կարո՞ղ էիք տպել կամ պատճենել: Թե՞ չունեք ու հիմա եք խնդրել ձեզ տան»:
ԵՎ ԿՐԿԻՆ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաոսից խուսափելու…
Gepostet von Arpine Hovhannisyan am Dienstag, 10. März 2020