Մենք չունենք Սահմանադրությանը համապատասխան ՍԴ. Փաշինյանը՝ հանրաքվեի անհրաժեշտության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանում չկա Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան։ Այս մասին Մեղրի քաղաքում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի տարբերություն նախկինի, երբ ՍԴ անդամը պաշտոնավարում էր ցմահ, հիմա ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը դարձվել է 12 տարի։ Ի տարբերություն նախկինի՝ ՍԴ նախագահին ընտրում է ոչ թե ԱԺ-ն, այլ Սահմանադրական դատարանը՝ ՍԴ դատավորների մեջից։ ՍԴ նախագահի պաշտոնավարումը սահմանվում է 6 տարի, նախկին ցմահի փոխարեն։ Այս մոդելը ձևակերպվեց ՀՀ սահմանադրության մեջ, և այս Սահմանադրությունն այս պահին 100%-ով ուժի մեջ է։ Մենք ունենք Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարան, բայց չունենք այդ նկարագրությանը համապատասխան Սահմանադրական դատարան»,- ասաց Փաշինյանը։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի իրականացումն ունի մի քանի պատճառ, և յուրաքանչյուր քաղաքացու ապագայի հարցն է որոշվելու այդ հանրաքվեով։ «Նոր սահմանադրության կարգի համաձայն այժմ գործում են միայն Սահմանադրական դատարանի 2 դատավոր, մյուս 7 դատավորները պաշտոնավարում են ցմահ։ Այս հանգամանքով պայմանավորված՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնեց սահմանադրական հանրաքվե՝ այս իրավիճակը իրավական առումով շտկելու համար։ Կան նաև կասկածներ, որ այդ 7 դատավորները անկախ ու անկաշկանդ չեն և գտնվում են անձերի ու խմբերի ազդեցության տակ։ Սա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ապագայի հարցն է, որովհետև յուրաքանչյուրս այս կամ այն կերպ առնչվում ենք դատարաններին»,- ասաց Մակունցը։