Բաժիններ՝

Համագյուղացուն սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչը 2019թ. օգոստոսի 19-ին՝ կեսօրին, նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Ղարաքոթուկ» կոչվող հանդա­մա­սում համագյուղացու ծննդյան տարեդարձի խնջույքի ըն­թաց­քում, ալկոհոլ օգտագործած վիճակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր բարեկամի՝ համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս սպանության սպառնալիքներ է հնչեցրել և կացարանի մոտ գտնվող խոտ հավաքելու համար նախատեսված եռոտանիով դիտավորոaւթյամբ թեթև վնաս պատճառել նրա առողջությանը: Խնջույքի մասնակիցների միջամտությամբ վիճաբանությունը դադարել է, և նրանք հեռացել են:

Այնուհետև, վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նա գնացել և ճանապարհին հանդիպել է իր հետ վիճած բարեկամին, և նրան ապօրինաբար կյանքից զրկելու առերևույթ դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած գերանդիի սուր հատվածով բազ­մաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նախորդ օրը ստացած վնասվածքներից մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­կան օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս