Գեներալն ի՜նչ իմանար, որ 7 տարի անց իր ոտնահետքերով անցնելու է ՀՀ վարչապետը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին մրցման մեջ մտավ հայտնի ֆոտոլրագրողի հետ ու փորձեց միայն նրան պատկանող դափնիներն էլ իր գլխին քաշել: Որպես «թավշի» հայր՝ «всех времён и народов», թամաշայի մասնակիցների առջեւ վարչապետը լուռ ինքնավստահությամբ արձանագրեց՝ ՀՀ որեւէ «հպարտ» քաղաքացու ճակատագրական քայլ անելուց առաջ, ինքը ո՛չ միայն կարող է անակնկալ հայտնվել դեպքի վայրում, այլեւ, հակառակ Շամշյանի, փրկել «պոտենցիալ ինքնասպանի» կյանքը: Նիկոլի «ջանքերը», սակայն, ի դերեւ ելան:

Հանրությունը վաղուց է ծանոթ ինքնասպանությունը կանխելու փորձերի վրա կառուցված PR քաղտեխնոլոգիայի զինանոցին: 2015-ին, օրինակ, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնված Էրդողանը Կոստանդնուպոլսում «կանխեց» Բոսֆորի նեղուցի կամրջից նետվելու պատրաստվող երիտասարդի ինքնասպանությունը:

Ռեջեբի PR «գործիքը» ականջալուր եղավ իր առաջնորդի թախանձագին հորդորներին ու «հրաժարվեց», ժողովրդի բնութագրմամբ՝ էշ նահատակ դառնալու հեռանկարից: Որպես երախտագիտություն, ջերմորեն համբուրեց նրա ձեռքը, Թայիփն էլ մեծահոգաբար խոստացավ լուծել Թուրքիայի «դժբախտ» քաղաքացու պրոբլեմները:

Էրդողանից առաջ, 2013-ին, ամենեւին էլ ոչ օրիգինալ այդ «փամփուշտը» օգտագործեց…

Գիտեմ՝ ժողովուրդն ասում է՝ մահացածի հետեւից կամ՝ լավը, կամ՝ ոչինչ: Այնուամենայնիվ… վերհիշենք: Դեմքը հետաքրքրասերների հայացքներից ինչ-որ լաթով թաքցրած մի «ինքնասպանի» անհրաժեշտ պահին Դավիթաշենի կամրջի վրա փրկել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը. ինչպես գրում-հավատացնում էր ժամանակի մամուլը՝ հանուն ինքնաPR-ի:

Գեներալ Երիցյանն ի՜նչ իմանար, որ 7 տարի անց, ինչպես հավատացնում են՝ Հաղթանակի կամրջի վրա, իր ոտնահետքերով անցնելու է երկրի վարչապետը ու… կրկնելով ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի «մարդասիրական» քայլը (հիշում եք, անշուշտ՝ «Էրեբունի պլազա» մտած ահաբեկչին հարգանքով-պատվով նստեցրեց իր ծառայողական մեքենան ու տեղափոխեց ոստիկանություն), Փաշինյանն «ինքնասպանին» նստեցրեց ծառայողական ավտոմեքենան ու տարավ անհայտ ուղղությամբ:

Հ.Գ. Մինչեւ ապրիլի 5-ը PR քաղտեխնոլոգիայի զինանոցից կարելի է ցուցադրել բավականին ազդեցիկ մի օպերացիա եւս, Բորիս Բերեզովսկու օրինակով, բեմադրել չհաջողված մահափորձ: Նոր «մասկի շոու»-ն հնարավորություն կտա մեկ անգամ եւս «ասֆալտին փռելու» նախկիններին, պատերին ծեփել ընդդիմախոսներին, կտրել տեղական արտադրության «հրոսակների» թաթիկներն ու մատիկները: Այնպես կտրել, որ նրանց տնեցիներն ահաբեկվեն, իսկ ընտանիքի փոքրիկ ներկայացուցիչները կապ ընկած լեզուներով հայտնվեն հիվանդանոցներում:

Բայց սցենարիստներն ու բեմադրիչները պետք է խիստ պրոֆեսիոնալ լինեն, որ հանկարծ որեւէ մեկը չտուժի: Բորիս Աբրամովիչի պարագայում, օրինակ, այնքան փնթի էին աշխատել, որ վարորդը զոհվեց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս