Բաժիններ՝

ՄԻՊ-ը՝ 12-ամյա աղջկան ծեծելու և նրա մորը սպանելու դեպքի մասին

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրության է ենթարկել մարտի 5-ին Գյումրիում ծեծի հետևանքով 43-ամյա կնոջ մահվան ու երեխայի բռնության ենթարկվելու մասին հրապարակումները:

«Ըստ այս պահին առկա հրապարակային տեղեկությունների՝ կոնկրետ իրավիճակում բռնությունը հանգեցրել է ողբերգական հետևանքի՝ կնոջ մահվան:

Հատկապես մտահոգող է, որ, ինչպես նշվում է հրապարակային աղբյուրներում, բռնության է ենթարկվել նաև երեխա։ Բռնությունն առհասարակ ու այս տեսակ բռնությունը, մասնավորապես, կարող է անդառնալի հետևանքներ ունենալ կնոջ կամ երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջության, երեխայի դեպքում նրա հետագա զարգացման վրա: Այս տեսակ բռնությունն անմիջականորեն է խարխլում ընտանեական արժեքներն ու հակասում երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի էությանը, երեխայի լավագույն շահերի գաղափարին:

Ցավոք, հասարակությունում դեռևս հաղթահարված չեն կանանց վերաբերող կարծրատիպերը: Սա կարևոր գործոն է, որ բացասական ազդեցություն է ունենում կանխարգելման ողջ գործընթացի վրա:

Համակարգային առումով՝ սկսած քննության սկզբնական փուլերից մինչև դատական վերջնական ակտի կայացում, այս գործերի քննության արդյունավետ մեխանիզմ առկա չէ:

Թերի է օրենսդրությունը, որը հնարավորություն չի տալիս ապահովել բռնության ենթարկված անձանց արդյունավետ պաշտպանություն, լիարժեք բացահայտում և հետագա հնարավոր դեպքերի կանխարգելում: Դրանից բացի, պրակտիկան նույնպես խնդրահարույց է: Այստեղ անհրաժեշտ է կատարելագործել քննության սկզբնական փուլերը, իրավապահ մարմինների արագ արձագանքը, պետք է ապահովել նրանց անհրաժեշտ մասնագիտացումը:

Դա պետք է անել այնպես, որ քննությունը ոչ թե սահմանափակվի գործից գործ քննությամբ ու այն էլ խնդիրներով, այլ պետք է մանրամասն վերլուծվեն այդ արարքների կատարման պատճառներն ու նպաստող պայմանները ու պրակտիկան ապահովել՝ ըստ այդ արդյունքների:

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում այս գործը կլինի Պաշտպանի ուշադրության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս