Սուր շնչառական վարակների դեպքերը Հայաստանում նվազում են
Օրական կտարվածքով իրականացվող համաճարակաբանական դիտարկումների արդյունքները փաստում են, որ սուր շնչառական վարակներով դեպքերն ունեն նվազման միտում:
Նվազումն արձանագրվում է բոլոր ցուցանիշներով, մասնավորապես՝ թե´ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության, թե´ շտապ օգնության կանչերում և թե´ հոսպիտալացումներում:
Հարկ է նշել, որ դեռևս հոսպիտալացված դեպքերի 92,1%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները՝ Երևանի մանկական հիվանդանոցներում:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` այսօր հանրապետությունում շարունակվում է գրիպի Բ տեսակի, Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակների շրջանառությունը:
Շարունակվում են նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի միջոցառումները: Հաշվի առնելով հիվանդությանը բնորոշ կասկածելի ախտանշանները և պացիենտների ուղևորության վերհուշը` իրականացվել է 162 նմուշի լաբորատոր հետազոտություն: Այս պահի դրությամբ միայն 1-ի արդյունքն է դրական: Բժիշկների գնահատմամբ` հիվանդի ինքնազգացողությունը բավարար է: