«Մեր մտավախությունն այն է, որ հանկարծ անմեղ մարդիկ չընկնեն այս իրավակարգավորումների տակ». Տարոն Սիմոնյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» և հարակից ներկայացված նախագծերի փաթեթը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագծին՝ նշեց, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ, որն իր պաշտոնավարման ընթացքում կարողացել է գույք կուտակել, պետք է կարողանա հիմնավորել, թե որտեղից այն եկամուտը, որով կարողացել է գույք ձեռք բերել:

«Ըստ էության, այս ամենը տարածվում է նաև այլ անձանց վրա, օրինակ՝ ընտանիքի անդամներ կամ փոխկապակցված անձինք, այստեղ են առաջանում որոշակի խնդիրներ: Մեր մտավախությունները հենց սրա հետ էին կապված, որ հանկարծ անմեղ մարդիկ չընկնեն այս իրավակարգավորումների տակ, թե չէ կարգավորումը շատ տեղին է»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա՝ նախագծի հետ կապված ունեցել են այն մտավախությունը, որ հնարավոր է՝ լինեն անձինք, որոնք օրինական ճանապարհով գույք են ձեռք բերել, բայց հետագայում չկարողանան  ապացուցել, որ օրինական է:

«Օրինակ՝ 10-20 տարի առաջ մեր հայրենակիցները չէին կարողանում փոխանցման միջոցով Հայաստան գումար բերել, բայց երբ առձեռն էին բերում, գումարի որոշակի չափ կար, եթե նշված չափից ավելին էին բերում, դա արդեն մաքսանենգություն էր համարվում, բայց դե սովորական քաղաքացիների կողմից նման գումարներ մուտք եղել են Հայաստան: Հիմա կարող է այնպես է ստացվել, որ այդ մարդիկ գույք են ձեռք բերել, և նրանց բարեկամներն էլ պաշտոնատար անձինք են և կարող են գնալ այդ մարդկանց ասել՝ դե ապացուցեք, թե այդ գումարը որտեղից»,- ընդգծեց Տարոն Սիմոնյանը:

Նա նաև շեշտեց, որ այս և մի շարք հարցերի հետ կապված իրենց գործընկերներին կոչ են արել մինչև երկրորդ ընթերցում շտկումներ կատարել նախագծում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս