Թուրքիան փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև Ռուսաստանի հետ խոսակցության հավելյալ թեմա ստեղծել․ վերլուծաբան

«Թուրքիայի ԱԳ նախարարը պատահական չի հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով մերձավորարևելյան զարգացումներին և դրանց անդրադարձին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակի վրա։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանը մեկնում է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու Սիրիայի Հյուսիս-Արևելյան Իդլիբ նահանգում ստեղծված լարված իրավիճակին լուծում տալու նպատակով։ Սակայն մինչ դա Թուրքիայում ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հետ, ինչը չէր վրիպել տարածաշրջանային փորձագիտական համայնքի ուշադրությունից։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համանախագահներին կոչ էր արել ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ գործի: Այդ լուծումը պետք է ամբողջությամբ համապատասխանի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքներին և այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններին»,- հայտարարել էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հարցին, թե ինչո՞ւ է Թուրքիայի արտաքին քաղաքականության ներկայիս ճգնաժամային փուլում հիշում Ղարաբաղյան հակամարտության մասին, Նեյլ Մաքֆարլեյնը պատասխանեց, որ Թուրքիան դրանով ուղերձ է հղում Ռուսաստանին և այս տարածաշրջանին։

Նրա խոսքով՝ Թուրքիան գերտերության իմիջի ձգտող պետություն է և փորձում է ցույց տալ, որ այս մեծ տարածաշրջանի բոլոր խնդիրներում ունի դերակատարություն և պետք է ստանձնի դերակատարություն, ինչպես Ռուսաստանը, և սա ուղերձ է այն մասին, որ բոլոր հարցերում Թուրքիան Ռուսաստանի հետ պետք է բանակցի։

«Թուրքիան ուղերձ է հղում, որ միայն Իդլիբը չէ, և, որ այս տարածաշրջանում Ռուսաստանի հետ հավասարազոր դիրքերում պետք է բոլոր հարցերի կարգավորմանը մասնակից դառնա։ Սրանով Թուրքիան փորձում է ընդլայնել իր ազդեցությունը նաև Հրաավային Կովկասում, ինչպես նաև Ռուսաստանի հետ խոսակցության հավելյալ թեմա է ստեղծում՝ փորձելով ամրապնդել ընդհանուր առմամբ իր բանակցային դիրքերը։ Սա տակտիկական քայլ է, գործնական  նշանակություն, բնականաբար, այս փուլում սա ունենալ չի կարող։ Սակայն սա ցույց է տալիս Թուրքիայի քաղաքական հավակնությունները, որոնք անմասն չեն Ղարաբաղյան հակամարտությունից։ Այսինքն՝ այս հակամարտությանն անդրադառնալ Թուրքիային ստիպում են ոչ միայն թուրք-ադրբեջանական հարաբերությունները, այլև շատ ավելի մեծ ծրագրերը։ Պետք է հաշվի առնել, այնուամենայնիվ, նաև Ադրբեջանի գործոնը, որն այս հարցում Թուրքիայից աջակցություն է ակնկալում, և Թուրքիան ցույց է տալիս, որ այն կա, և դա ցույց  է տալիս նաև Ռուսաստանին, որն էլ իր հերթին՝ համարվում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը։ Այս հարթության մեջ Թուրքիան տեսնում է Ղարաբաղյան թեմայի շուրջ խոսակցության հնարավորություն Ռուսաստանի հետ, ինչը, կարծում եմ, Ռուսաստանի շահերից չի բխում։ Այս հարցում Թուրքիան ներկայության խնդիր է լուծում՝ փորձելով առաջ տանել Ադրբեջանի շահերը, բայց և չխոչընդոտել Ռուսաստանին՝ ընդունելով նրա բացառիկ դերակատարությունը տարածաշրջանում»,- ասաց վերլուծաբանը։

Վերջինիս համոզմամբ՝ այս հակամարտությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության ինքնադրսևորման ևս մեկ ճակատ է, որով Թուրքիան, ըստ այդ երկրի իշխանությունների, կարող է իր արտաքին քաղաքականության համար որոշ խնդիրներ լուծել։

«Թե որքանով դա կհաջողվի, իսկապես դժվար է ասել, քանի որ կա հստակ ձևաչափ այս հակամարտության կարգավորման համար, և տարիներ շարունակ, գիտակցելով հնարավոր բոլոր վտանգները, այդ ձևաչափը պահպանվել է, այստեղ միջնորդ երկրների դիրքորոշումը ևս կարևոր է, որպեսզի հակամարտությունը շարունակի քննարկվել միայն այս ձևաչափի շրջանակում։ Սա արվել է մշտապես, նույնիսկ առավելություն ՄԽ-ում տրվել է Ռուսաստանին՝ արևմտյան միջնորդների համաձայնությամբ, որպեսզի Ռուսաստանը համագործակցի նրանց հետ՝ ունենալով լծակներ այս տարածաշրջանում»,- ասաց Մաքֆարլեյնը։

Տեսանյութեր

Լրահոս