Բաժիններ՝

«Էրդողան, դու սատանայի մարմնացումն ես». ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) Իդլիբի վերաբերյալ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) կողմից ներկայացվող առաջարկների քննարկումը վերածվել է ծեծկռտուքի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

ԺՀԿ խմբակցության նախագահ, պատգամավոր Էնգին Օզքոչը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին խիստ քննադատական և վիրավորական հայտարարություններ է հնչեցրել, ինչը հարուցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչների զայրույթը։

Օզքոչն ամբիոնից պատասխանել է Էրդողանի այն հայտարարությանը, թե «Թուրքիայի պայքարը սևացնել ցանկացողները ստոր, անպատիվ և դավաճան են»։ Օզքոչը Էրդողանին մեղադրել է վերջին տարիների ընթացքում 3 մլն մուսուլմանի սպանության պատճառ դառնալու մեջ։ Նա հիշեցրել է նաև 2000թ․ Ավստրալիայում ելույթ ունեցած Էրդողանի խոսքերը, երբ նա սպանված թուրք զինվորների մասին արհամարհանքով էր արտահայտվել՝ ասելով «Պարոն Օջալանը այս պահին հաշվում է, թե քանի գանգ է (kelle) ձեռք գցել»։

«3 միլիոն մուսուլմանի սպանությանը հավանություն տվողը, զոհերին գլխաքանակով հաշվողը անպատիվ, անամոթ, անարժան, դավաճան է։ Նման մարդը չի կարող Թուրքիայի  Հանրապետության նախագահը լինել։ Ռեջեփ Թայիփ Էրդողան, դու սատանայի մարմնացումն ես», – հայտարարել է Օզքոչը։

Էրդողանին ուղղված խիստ հայտարարությունների պատճառով ԱԶԿ-ական պատգամավորները դժգոհության ալիք են բարձրացրել և նիստը հարկադրաբար ընդմիջվել է։ Հենց ընդմիջման ընթացքում էլ պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել։

Նշենք, որ Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի հիման վրա պատգամավոր Օզքոչի դեմ արդեն հետաքննություն է սկսել՝ հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով։ Բացի այդ, Էրդողանի փաստաբան Հյուսեյի Այդընը ևս հայտարարել է, որ Թուրքիայի նախագահին ուղղված այս աննախադեպ վիրավորանքների պատճառով ԺՀԿ-ական պատգամավորի դեմ դատական հայց կներկայացվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս