«Սամվել Բաբայանը պայմանավորվածությունների իր մասը չի կատարել, ես իմն ամբողջությամբ կատարել եմ». Իսագուլյան
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հրավիրված ասուլիսին պնդեց՝ Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ արգելված է, և նշեց, որ համապատասխան տեղեկության տարածմանն անմիջապես չի հետևել նրանց արձագանքը, իսկ օրեր անց նրանց գրասենյակները, մեծ հաշվով, չեն հերքել դաշտ նետված այս ինֆորմացիան: Մասնավորապես, Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարության մեջ ակնարկվում էր, թե որոշ լրատվամիջոցներ և նրանց տերերը փորձում են ավելի քան երկու տասնամյակ հանրությանը սնել ստահոդ տեղեկություններով՝ նպատակ ունենալով ցանկացած գնով կանխել Սամվել Բաբայանի վերադարձը:
«Բայց պաշտոնական հերքում այդպես էլ չեղավ, չէր էլ կարող լինել: Այդ ինֆորմացիան 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը, այդտեղ որևէ կասկած լինել չի կարող: Սամվել Բաբայանին անձամբ տեղյակ է պահվել, որ իր մուտքը ՌԴ արգելափակված է, ինչպես նաև արգելափակված է Մասիս Մայիլյանի մուտքը»,-ընդգծեց Իսագուլյանը:
Իսագուլյանը նաև գաղտնազերծեց մեկ այլ տեղեկություն՝ Սամվել Բաբայանի հետ լուրջ զրույցներ և հանդիպումներ է ունեցել, այն չի վերաբերել սովորական թեմաներին և խնդիրներին, որի արդյունքում Իսագուլյանին թվացել է, թե հանգել են լուրջ պայմանավորվածությունների, ինչը, սակայն, Սամվել Բաբայանը խախտել է:
«Պայմանավորվածությունների իմ մասը ես ամբողջությամբ կատարել եմ, և սպասելի էր, որ Սամվել Բաբայանն էլ իր պայմանավորվածությունների մասով ինչ-որ բան կկատարի, սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և Սամվել Բաբայանն անում է հայտարարություն, որը ոչ միայն համահունչ չէր մեր մի քանի օրվա զրույցներին, պայմանավորվածություններին, այլ տրամագծորեն հակառակ պատկերն էր: Ընդ որում, ում հետ կապված էր այդ զրույցը, ինձ միշտ ասում էին, որ Սամվել Բաբայանը խաբում է, այս անգամ էլ քեզ անպայման կխաբի, իհարկե, հետո պարզվեց, որ ինքն այդ ընթացքում զուգահեռ բանակցում էր տարբեր մարդկանց հետ և ասում՝ Գառնիկ Իսագուլյանը եկել է ինձ…Այսինքն՝ մեկին մյուսով գայթակղելով՝ փորձել է լուծել բացառապես անձնական խնդիրներ, որոնց արդյունքում ինչ-որ մեկի հրահանգով չի կարողացել խույս տալ, որովհետև երևում է՝ լուրջ պարտավորվածություններ է ունեցել և միացել է Մասիս Մայիլյանի թիմին»,- շեշտեց Իսագուլյանը:
168.am-ի հարցին՝ արդյո՞ք Սամվել Բաբայանի հետ պայմանավորվածություն է եղել՝ պաշտպանելու Արցախի նախագահի մեկ այլ թեկնածուի, օրինակ՝ Վիտալի Բալասանյանին, Գառնիկ Իսագուլյանը հերքեց. «Ոչ, ընտրությունների հետ կապված չի եղել: Սա պաշտոնապես եմ ասում՝ որևէ թեկնածուի պաշտպանելու խնդիր չի եղել: Հանդիպումը եղել է իր խնդրանքով, ինքն ունեցել է ինչ-որ մարդկանց հետ հանդիպելու, բաներ փոխանցելու ցանկություններ: Ես այդ ամեն ինչն իմ մասով արել եմ, և այն մարդկանց, ում հետ կապված ինքը ցանկություն է ունեցել իմ միջոցով հանդիպելու, ես բոլորի հետ այդ պայմանավորվածությունները ձեռք եմ բերել, չնայած նրանք միշտ կասկածում էին, որ Սամվելը խաբելու է: Վերջում, ասում եմ, իր հայտարարությունը 180 աստիճանով հակառակն էր. դուք ոնց որ ինձ խնդրեք՝ գնա, օրինակ, Անժելային ասա՝ Արցախի խնդիր է, ճակատագրի խնդիր է, գնում և ասում եմ, պայմանավորվում եմ ամեն ինչ, բայց հետո այնպիսի հայտարարություն եք անում, որ, ռուսի ասած, «պոդստավկա» եք անում: Մարդը ցույց տվեց, որ ոչ միայն իր խոսքի տերը չի, այլ քեզ ներքաշում է մի գործընթացի մեջ, հետո թիկունքից դանակով հարվածում: Վիտալի Բալասանյանը Սամվել Բաբայանի օգնության կարիքը չի ունեցել, չունի և չի էլ ունենալու»:
Գառնիկ Իսագուլյանը նաև պնդեց, որ ՊԲ որոշ գնդապետներ, փոխգնդապետներ Արցախի նախագահի հասցեին ամենավերջին խոսքերն են ասում, սոցիալական ցանցերում ակտիվ քարոզչություն անում՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի:
Լրագրողների հետ հանդիպմանն անուններ չտվեց Իսագուլյանը, սակայն խոստացավ նրանց մասին տեղեկացնել ՊԲ հրամանատարին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում