«Եկեք որոշ ժամանակ հրաժարվենք ձեռքսեղմումներից». Թոմ Ֆրիդան
Կորոնավիրուսի բռնկումը մարդկանց հարկադրում է փոխել սովորությունները, ձեռնպահ մնալ համբույրներից եւ ձեռքսեղմումներից եւ ողջունի այլ ձեւեր օգտագործել հանդիպումների ժամանակ: Ինչպես հայտնել է CNN հեռուստաընկերությունը, Նեբրասկայի նահանգապետ Փիթ Ռիքեթսը խորհուրդ է տվել ավանդական ձեռքսեղմումների փոխարեն միմյանց հպել արմունկները: Նա անձնական օրինակ է ցույց տվել՝ այդ կերպ ողջունելով Նեբրասկայում կարանտինից դուրս եկած մի խումբ անձանց։
«Եկեք որոշ ժամանակ հրաժարվենք ձեռքսեղմումներից»,- մեջբերել է հեռուստաընկերությունը Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների նախկին տնօրեն Թոմ Ֆրիդանի խոսքը, որը գերադասում է մարդկանց ողջունել Հարավարեւելյան Ասիայի համար ավանդական նամաստե ժեստով (երկու ափերի միացում), բայց միեւնույն ժամանակ չի բացառում արմունկներով հպվելու միջոցով ողջունելու հնարավորությունը:
Այդ կարծիքին համաձայն է վարվելակարգի հարցերի ամերիկացի փորձագետ Ուիլյամ Հանսոնը: Նա նշել է, որ ողջունելիս գլխավորը ոչ թե ֆիզիկական շփումն է, այլ զգացմունքների ջերմությունը: Նրա խոսքով՝ այժմ միանգամայն տեղին է մարդկանց ողջունել՝ վեր պարզելով բաց ափը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: