Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպք է գրանցվել
Կորոնավիրուսով վարակման նոր դեպք է հաստատվել Իտալիայի քաղաքացու մոտ, որն Ռուսաստան է ժամանել փետրվարի 29-ին: Այդ մասին մարտի 5-ին լրագրողներին հայտնել են նոր կորոնավիրուսի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Մարտի 5-ին հաստատվել է Իտալիայի Հանրապետության քաղաքացու մոտ COVID-2019 նոր կորոնավիրուսային վարակով հիվանդանալու բերովի դեպքը Իտալիայից»,-հայտնել են շտաբում:
Նշվում է, որ վարակվածը մարտի 2-ին բուժօգնության էր դիմել սուր շնչառական վիրուսային վարակի ախտանշաններով: «Հիվանդությունն ընթանում է թեթեւ կլինիկական ձեւով, կատարվում է սիմպտոմատիկ բուժում: Պացիենտի վիճակը բավարար է»,-ընդգծել են շտաբում:
Բացի այդ, բժշկական հսկողության տակ են գտնվում նրա հետ շփված անձինք:
Ներկա դրությամբ ՌԴ-ի տարածքում հայտնաբերված է նոր կորոնավիրուսով վարակման չորս դեպք (ներառյալ մարտի 5-ին հաստատվածը): Բացի այդ, երկրում բուժման մեջ են ՌԴ-ի երեք քաղաքացիներ, որոնց մոտ կորոնավիրուսի հարուցած հիվանդություն է հայտնաբերվել Ճապոնիայում Diamond Princess ճամփորդանավում: