«ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց որոշակի մասը ևս հանդիսանում է միջազգային զբոսաշրջիկ». ՀՀ վիճակագրական կոմիտեն

ՀՀ վիճակագրական կոմիտեն պարզաբանել է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի հաշվարկման համար կիրառվող մեթոդաբանությունը:

Լրատվամիջոցներից մեկը տարածել է տեղեկատվություն, որ 2019 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ուռճացված է մոտ 600.000-ով: Այդ հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես»-ը հարց է ուղղել ՀՀ վիճակագրական կոմիտեի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ Քրիստինե Պողոսյանին:

«ՀՀ վիճակագրական կոմիտեում միջազգային զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի հաշվարկման համար հիմք է հանդիսանում սահմանային  անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկ-նածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, ստացված ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով: Ընդ որում, այդ տեղեկատվությունը  ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացվում  և ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվում է սկսած 2011 թվականից (տես՝ այստեղ.): Ինչպես արդեն բազմիցս մեկնաբանվել է, ըստ զբոսաշրջիկների թվաքանակի հաշվարկման համար գործող միջազգային մեթոդաբանության, եթե անձն անընդմեջ` 1 տարուց ավել ապրել և աշխատել է մեկ այլ երկրում, որն իր հիմնական բնակության վայրի  կամ քաղաքացիության երկիրը չէ, ապա նա դառնում է տվյալ երկրի ռեզիդենտը, և նրա հետագա այցելությունը հիմնական բնակության վայրի կամ  քաղաքացիության երկիր համարվում է միջազգային զբոսաշրջություն:

Միջազգային զբոսաշրջիկ հասկացությունը բնութագրող ցուցանիշի մասնաբաժինը ընդամենը սահմանահատումներում հաշվարկելու համար հիմք են հանդիսանում  դեռևս 2013թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանում դոնոր կազմակերպությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի համագործակցությամբ իրականացված «Ժամանողների և մեկնողների ընտրանքային հետազոտության» արդյունքների հիման վրա ձևավորված գործակիցները:

Այսինքն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց որոշակի մասը ևս հանդիսանում է միջազգային զբոսաշրջիկ: Թերևս, ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի հաշվարկման մեթոդաբանության ոչ ճիշտ կիրառմամբ է պայմանավորված այն եզրահանգումը, որ զբոսաշրջիկների թիվն ուռճացված է: Հավանաբար, հեղինակը ՀՀ ժամանողների թվաքանակից հանել է բոլոր ՀՀ քաղաքացիներին»,- ասել է Ք. Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս