Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարված կորոնավիրուսի պատճառով
Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը արտակարգ դրություն է հայտարարել նահանգում COVID-19 կորոնավիրուսի տարածման ֆոնին: Այդ մասին հաղորդվում է Կալիֆոռնիայի նահանգի արտակարգ իրավիճակների վարչության կայքում:
Ինչպես նշվում է, արտակարգ դրություն է հայտարարվել, որպեսզի նահանգի իշխանությունները կարողանան լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել վարակի դեմ պայքարելու համար, պաշտոնական կարգավիճակ տալ այն միջոցներին, որոնք արդեն ձեռնարկվում են բազմաթիվ պետական ձեռնարկություններում, ինչպես նաեւ նախապատրաստվել կորոնավիրուսի ավելի ընդգրկուն տարածմանը:
Կալիֆոռնիայում ներկայում հաստատված է կորոնավիրուսով վարակման 54 դեպք: Բացի այդ, COVID-19-ից մահվան առաջին դեպքն է գրանցվել Վաշինգտոնի նահանգի սահմաններից դուրս: Ընդամենը Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել ավելի քան 150 մարդու մոտ, պացիենտներից 11-ը մահացել են: Փետրվարի 29-ին ԱՄՆ-ի տարածքում նոր տիպի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքից հետո Վաշինգտոնի նահանգում նույնպես արտակարգ դրություն հայտարարվեց, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: