Բաժիններ՝

«Նախարարությունից պատասխանել են, որ որևէ վերլուծություն չի իրականացվել». Նարեկ Զեյնալյանը՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի և ինֆեկցիոն հիվանդանոցը միավորելու մասին

Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միավորման գործընթացի խնդիրների առնչությամբ աշխատանքային քննարկում էր հրավիրել, որի ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց տեսակետները խնդրի կարգավորման վերաբերյալ։

Քննարկումից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեկ ամիս առաջ  խնդրի վերաբերյալ որոշակի հարցադրումներ էին ուղարկել նախարարություն, որի պատասխանը ստացել են այսօր առավոտյան։

«Պատասխանի մեջ նշված է, որ որևէ վերլուծություն չի իրականացվել, պատճառաբանությունը եղել է այն, որ փաստ է՝ ցանկացած միավորում բերում է արդյունավետության, սա է եղել այդ գրության պատասխանը»,- նշեց Նարեկ Զեյնալյանը։

Ըստ պատգամավորի՝ խնդրի շուրջ քննարկում կազմակերպելու պատճառը կոլեկտիվից ստացած բազմաթիվ նամակներ էին, որտեղ նրանք նշել էին  որոշակի հարցեր  ուղղելու և իրենց տեսակետը հայտնելու անհրաժեշտության մասին։ Կենտրոնի շահառուներից ևս ստացել են գրություններ, որ իրենք ևս կարծիք հայտնելու կարիք ունեն։

«Այս քննարկման ժամանակ բոլորի տեսակետները կամփոփենք, կկազմենք արձանագրություն և այն կուղարկենք Կառավարություն։ Մեր հանձնաժողովն ուսումնասիրելու է բոլոր տվյալները, որպեսզի համապատասխան որոշումը կա՛մ չեղարկի, կա՛մ թողնի նույնը»,- պարզաբանեց Ն. Զեյնալյանը։

Անդրադառնալով ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցների բողոքի ակցիային և բարձրաձայնած խնդրին, որ,  եթե վերազինելու են, ինչո՞ւ են իրենց սարքավորումներն օգտագործելու, Նարեկ Զեյնալյանը նշեց, որ ըստ էության սարքավորումները պատկանում են պետությանը, որից կարող է օգտվել ցանկացած պացիենտ: «Հիմնավորումների մասով՝ ինձ համար մի քիչ տարակուսելի հարցեր կային, որոնք վերաբերում էին կառավարման արդյունավետության բարձրացմանը, մենք ունենք ակնառու փաստեր՝ բժշկական բուրգերի ստեղծման փորձի, և այն բուրգերում, որտեղ կառուցվածքային միավորները տարածքային առումով իրարից հեռու են գտնվել՝ կառավարումը ձախողվել է, դրա փորձը մենք Հայաստանում ունենք»,- եզրափակեց Նարեկ Զեյնալյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս