«Ես իմ որևէ ասածի համար չեմ զղջում. Ում էլ որ դուր չի գալիս, թող ինքը ման գա դեղամիջոց, թե ոնց բուժի իր վիճակը». Գևորգ Պետրոսյան
«Հրապարակ» թերթի աղբյուրը անդրադարձել է նախորդ օրը կառավարության կողմից ԱԺ ուղարկված Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որտեղ ամրագրված է նաև հետևյալ դրույթը․ սեռով, ռասայով, քաղաքական հայացքներով պայմանավորված՝ էթնիկական կամ սոցիալական խմբի դեմ հնչող հրապարակային կոչերը, բռնությունն արդարացնելը կամ քարոզելը պատժվում են ազատազրկմամբ` 1 տարի ժամկետով։ Թերթի աղբյուրը մասնավորապես ասել էր. «Ուշադրություն դարձրեք «սոցիալական» խումբ եզրույթին, դրա տակ կարող են տարբեր, այդ թվում և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, տրանսգենդերներ լինել։ Օրինագիծն ընդունելու դեպքում, դիցուք, ասենք, պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը երբեմն այդ «առնչությամբ» հայտարարություններով է հանդես գալիս, կարող է դատապարտվել 1 տարով»:
168.am-ի հետ զրույցում, սակայն, ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ դա իրեն բացարձակապես չի անհանգստացնում. «Առաջին հերթին՝ ես բռնության հրապարակային կոչեր չեմ անում, երկրորդը՝ ինչ էլ որ ասել եմ, ասել եմ՝ մեր ազգային անվտանգության շահերից ելնելով, մեր ավանդական ընտանեկան արժեհամակարգը պաշտպանելու առումով: Ես իմ ոչ մի ասածից չեմ հրաժարվում, բայց դրանք, նորից եմ ասում, բռնության կոչեր չեն եղել. դրանք ընդամենն ուղղված են եղել մեր երկրում հնարավոր անցանկալի հետևանքների առաջացմանը: Մի երկիր, որը գտնվում է պատերազմի մեջ՝ շատ վտանգավոր է այդպիսի երևույթների տարածումը»:
Հարցին՝ ԱԺ կողմից ընդունվելու դեպքում արդյոք օրենքը կսահմանափակի՞ ձեզ ձեր ելույթներում՝ Գ. Պետրոսյանը պատասխանեց. «Օրենքի ընդունումից հետո ես ինձ պահելու եմ այնպես, ինչպես պահել եմ, որովհետև իմ որևէ գործողությամբ օրենքի խախտում թույլ չեմ տվել: Չեմ ասել՝ սպանեք, մորթեք, ինչպես իրենք են գաղտնի էջերից մեզ սպառնում՝ «կմորթենք», «հես ա կտեսնեք», «կթաղենք ձեզ»… Ես ընդամենն ասել եմ, որ մեր սուրբ հողի վրա չպետք է էդպիսի երևույթներ տարածվեն. տրանսգենդերներ գան՝ պատմություն կերտեն ԱԺ ամբիոններից: Սա բռնության կոչ չէ, կարող եք հարցնել ցանկացած լուրջ իրավաբանի, և ինքը կհաստատի ասածս: Այնպես որ՝ ես իմ որևէ ասածի համար չեմ զղջում. ես դա ասել եմ մեր երկրի ազգային անվտանգության, մեր մատաղ սերնդի բարոյական դաստիարակության, սոցիալական ճիշտ զարգացման շահերից ելնելով: Ում էլ որ դուր չի գալիս, թող ինքը ման գա դեղամիջոց, թե ոնց բուժի իր վիճակը»: