«Այսօր անօրինական ձևով փորձ է արվում մուտք գործել փաստաբանական գործունեության տիրույթ». Արամազդ Կիվիրյան

Վերջին մեկ տարում ավելացել են  դեպքերը, երբ փաստաբանների նկատմամբ իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս գործադրվում են ճնշումներ: Հենց այդ ճնշումներին դիմակայելու համար այսօր մի խումբ փաստաբաններ հավաքվել էին՝ քննարկելու խնդրի փաստական ու իրավական հիմքերը:

Փաստաբան Արամազդ Կիվիրյանն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս մի քանի ճնշման տարատեսակ առանձնացրեց:

«Հասարակության որոշ ներկայացուցիչներ հրապարակայնորեն փորձ են կատարում ճնշում գործադրել փաստաբանների նկատմամբ՝ կապված այն հանգամանքի հետ, թե կոնկրետ փաստաբանները այս կամ այն գործով ում են ներկայացնում»,- որպես առաջին ճնշում՝ հենց սա է առանձնացնում փաստաբանը՝ նշելով, որ փաստաբաններին անուղղակիորեն նույնացնում են իրենց վստահորդների հետ, ու վստահորդների նկատմամբ գործադրվող ճնշումը մեխանիկորեն փոխանցվում է փաստաբաններին:

Փաստաբանի ներկայացրած ճնշման հաջորդ տեսակը՝  պետական մարմինների գործողությունները, որոշ դեպքերում էլ՝ անգործությունն է:

Արամազդ Կիվիրյանի վկայությամբ՝  ասվածի վառ դրսևորումներն են փաստաբաններին գաղտնալսելը  և փաստաբանի գրասենյակում անօրինական խուզարկություն կատարելը:

«Անդեմ (ֆեյքերի) հարձակումներ սոցիալական հարթակներում, որոնք, հավանաբար, ուղղորդվում են»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ֆեյքերի դեմ պայքարել կարող են միայն իրավապահներին դիմելով: Բայց դրա արդյունքն էլ երաշխավորված չէ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, մոտ մեկ ամիս առաջ կոտրել https://168.am/2020/01/24/1243465.html էին փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստի հասցեն, որն ամրակցված էր վերջինի ֆեյսբուքյան էջին,  արդյունքում՝ փաստաբանի ֆեյսբուքյան էջն ամբողջությամբ ջնջվել էր:

Արամազդ Կիվիրյանը տեղեկացրեց նաև, որ վերջին օրերին շատերն են իրեն հարցնում, թե ինչո՞ւ այդ հիմքով չի դիմել իրավապահներին: Եվ  նա փոխանցեց այն պատասխանը, որը սովորաբար տալիս է:

«Դիմե՞մ այն մարմիններին, որոնք անօրինական ձևով գաղտնալսում են փաստաբաններին և անօրինական ձևով մուտք են գործում փաստաբանական գրասենյակ և փորձում են տիրապետել փաստաբանական գաղտնիքներին: Նման մարմիններին դիմելու ցանկություն չունեմ»,- ասաց փաստաբանը:

Արամազդ Կիվիրյանը վստահեցնում է՝ նման դեպքերի շարունակականությունը վկայում է, որ անհրաժեշտ է ձեռնարկել հստակ քայլեր, քանի որ այսօր փաստաբանական համայնքը կանգնած է մի խնդրի առջև, երբ անօրինական ձևով փորձ է արվում մուտք գործել փաստաբանական գործունեության տիրույթ:

 

Տեսանյութեր

Լրահոս