Եթե բանակ սողոսկեն քաղաքական շահեր սպասարկողները, ուրեմն այլևս բանակ չենք կարող ունենալ. Էմիլ Օրդուխանյան
40 օրվա ընթացքում ոչ մարտական պայմաններում 13 զինվորի մահվան համգամանքը և դրանք մասամբ ինքնասպանություն որակելն աղետալի իրավիճակ է ստեղծում բանակում: Բանակ, որը պետության անվտանգության կարևորագույն երաշխիքն իրականացնողն է։ Այս դեպքերը կարող են որոշակի ենթադրությունների տեղիք տալ նաև, որ բանակում բարոյահոգեբանական վիճակը խնդրահարույց է, իսկ եթե այդպես է, ապա դա հղի է այլևայլ հետևանքներով, այնպես որ, այս իրողությունները պետք է ճիշտ գնահատել, բացահայտել դրանց պատճառները և պատժել նրանց, ովքեր կրում են տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը։
Այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը՝ ընդգծելով, որ որքան էլ բանակը փակ կառույց է, և բազմաթիվ հանգամանքներ չպետք է հանրային լինեն, միևնույն է, ոչ մարտական պայմաններում զոհերի պատճառները պետք է պարզորոշվեն, որովհետև այսպիսի իրավիճակի խորացումը կարող է բանակից ուղղակի տեղափոխվել դեպի հասարակություն։
«Հանրությունը շատ լավ գիտի բանակի արժեքն անկախ պետության և Արցախի համար, ուստի, երբ տեսնում է զոհեր, որոնք հակառակորդի գնդակից չեն, առաջանում են հարցադրումներ՝ արդյո՞ք խնդիրը բարոյահոգեբանական վիճակն է, թե՞ կան պատճառներ, որոնք հանրությանը չեն ներկայացնում. սրանք հարցեր են, որոնք կարող են վերաճել քաղաքական վարքագծի՝ պահանջատիրության տեսանկյունից։ Այնպես որ, սպասելն այս պարագայում, այլևս տեղին չէ։ Որևէ իշխանություն իրավունք չունի պատասխանատվությունից խուսափելու, որովհետև ժողովուրդը իշխանությանն օժտել է հենց այդ պատասխանատվությամբ»,- ասաց Օրդուխանյանը։
Ինչ վերաբերում է կառավարության ղեկավարի կողմից բանակում ոչ մարտական պամաններում զոհերի հանգամանքը քրեական ենթամշակույթի հետ կապելուն, ապա Օրդուխանյանը նախ նկատեց, որ քրեականը ոչ թե ենթամշակույթ է, այլ հակամշակույթ, որը բանակով ոչ սկսվում է, ոչ ավարտվում։
«Բայց եթե անգամ կան այնպիսի մարդիկ, որոնք նման գիտակցության կրողներ են ու զորակոչվում են ծառայության, բանակն իր կառուցվածքով և կարգապահությամբ պետք է լինի այնպիսին, որ նրանք նույնիսկ չմտածեն, որ կարող են դրսևորել այդպիսի վարքագիծ, ինչը բերում է աղետալի հետևանքների։ Մենք խոսում ենք պետության մասին, բանակը պետական կառույց է, հետևաբար՝ պետությունը պետական կառույցում պարտավոր է բացառել նման արատավոր երևույթները, ավելին, բանակը պետք է լինի նաև այնպիսին, որ նման հակամշակույթ կրողները դաստիարակված վերադառնան»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ, եթե ուժային կառույցի վարկանիշը նվազում է, դա ուղղակիորեն ազդում է իշխանության վրա, հետևաբար՝ պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ հանրությունը պետք է իմանա նրանց անունները։
Քաղաքագետի համոզմամբ՝ բանակը չպետք է լինի հասարակության հայելին այն առումով, որ, եթե հասարակության մեջ կան բաժանումներ և ջրբաժաններ, դրանք պետք է արտացոլված չլինեն նաև բանակում։
«Այս ատելություն ասվածը կարող է ուռճացված լինել քաղաքական շահեր սպասարկողների կողմից, բայց բանակը պետական շահ սպասարկող ինստիտուտ է, և եթե բանակ պետք է սողոսկեն քաղաքական շահեր ու հայացքներ սպասարկողները, ուրեմն մենք բանակ այլևս չենք կարող ունենալ։ Մենք բանակի ներսում թշնամիներ չպետք է փնտրենք և գտնենք, որովհետև մեր թշնամին սահմանից այն կողմ է»,- ասաց Էմիլ Օրդուխանյանը՝ ընդգծելով, որ, եթե ագամ վարչապետը շրջանառել է թեզ, ապա դա չի նշանակում, որ հասարակությունն այն պետք է ամբողջությամբ սպառի։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօրվա հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու է Արցախի հիմնահարցը, Օրդուխանյանը նշեց, որ այսօրվա հանդիպման վերաբերյալ դեռ երեկ վարչապետը, պատասխանելով ադրբեջանցի ներկայացուցչի հարցին, ուղերձ է հղել։
Ըստ Օրդուխանյանի՝ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցու հարցին ի պատասխան՝ ասաց, որ Ադրբեջանը մշտապես բարձրացրել է տարածքների հարց, իսկ Հայաստանի խնդիրն անվտանգությունն է, հետևաբար՝ տարածքների հարց չի կարող լինել օրակարգում։
Հարցին, թե շրջանառվում են տեսակետներ, որ այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև բանակցություններին Արցախի «ադրբեջանական համայնք»-ի ներկայացուցչի հնարավոր մասնակցության հարցը, Էմիլ Օրդուխանյանը պատասխանեց.
«Արցախի «ադրբեջանական համայնք»-ի մասին շրջանառվող ձևակերպումը սխալական է՝ անկախ նրանից՝ ո՞ւմ կողմից է դա արվում։ Արցախում չկա «ադրբեջանական համայնք», հետևապես՝ դա շրջանառելը նշանակում է՝ վերադարձ անցյալին, որը չի կարող լինել Արցախի ինքնորոշմանը միտված քայլ։ Արցախի հարցը դե ֆակտո լուծված է, և Արցախում բնակվում է տեղաբնիկ ժողովուրդ, հակառակ պարագայում, եթե խոսում են Արցախի «ադրբեջանական համայնք»-ի մասին, ապա այդ դեպքում պետք է խոսել նաև Սումգայիթի, Բաքվի «հայկական համայնք»-ների մասին։ Եթե բանակցային պրոցեսը նման կերպ զարգանա, ապա դա առաջացնելու է շատ լուրջ հասարակական ընդվզում: Սա աբսուրդ է, և չի կարելի նման հարցերը բերել օրակարգ»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում