Բաժիններ՝

Արթուր՝ սուպերսթար․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը

Ֆրենկի և Արթուր․․․ Եվրոպական արենայի թոփ սուպերսթարները: Այսպես է որակավորել Ըմբշամարտի Միջազգային Ֆեդերացիան Ֆրենկ Շտեբլերին (Գերանիա) և Արթուր Ալեքսանյանին` ամփոփելով Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: ««Ֆրենկի» և «Արթուր» խլացնող վանկարկումները դուրս էին թռչում Pala Pellicone Arena-ի փայտե տանիքից»,- գրում է Ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Օլիմպիական մեդալի բաղձանքով

72-կգ քաշայինների եզրափակչում Շտեբլերը հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Լոմաձեին և նվաճեց իր երկրորդ եվրոպական տիտղոսը: Չորեքշաբթի երեկոյան Լոմաձեի նկատմամբ նրա 6-1 հաշվով հաղթանակը տեղի ունեցավ ութ տարի անց այն բանից հետո, երբ նա նվաճեց իր մայրցամաքային առաջին ոսկին 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում, Սերբիայի Բելգրադ քաղաքում:

Գոտեմարտից հետո գերմանացին հայտարարեց, որ սա վերջին անգամն էր, որ նա մրցում էր մայրցամաքային առաջնություններում: «Սա իմ կարիերայի վերջին Եվրոպայի առաջնությունն էր: Ես շատ ուրախ եմ, որ ավարտվեց իմ եվրոպական ցիկլը ոսկե մեդալով: Հաջորդ կանգառը Տոկիոյի Օլիմպիական խաղերն են` Oլիմպիական մեդալ»,- մեջբերում է Շտեբլերին Ըմբշամարտի Միջազգային Ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Նշենք, որ նրա կենսագրականում դեռևս բացակայում է Oլիմպիական մեդալը։

«Իմ ուշադրությունը 100% Օլիմպիական խաղերի վրա է: Օլիմպիական խաղերից հետո ես կհեռանամ ըմբշամարտից և կաշխատեմ որպես մարզիչ»,- ավելացրել է գերմանացի ըմբիշը:

«Ճերմակ արջի» հռոմեական ոսկին

«Ես շատ ուրախ եմ, որ ոսկե մեդալ նվաճեցի հայրենքիս համար: Այսօր սա երկրորդ ոսկին էր, և ես կարծում եմ, որ այսօր, լավ գոտեմարտեր անցկացրեցինք»,- Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Արթուր Ալեքսանյանը:

Ալեքսանյանը ռեյտինգային աղյուսակում միավորներով հավասարվեց իր հիմնական մրցակցին՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին, որը 97 կգ քաշայինների ցանկում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքն իր հոդվածում այս հանգամանքին շեշտադրված է անդրադարձել.

«Արթուրը Հռոմ էր եկել վարկանիշային 40 միավորով և ոսկե մեդալի համար ստացավ ևս 20 միավոր. ընդհանուր 60 միավորով հավասարվեց իր հիմնական մրցակից Մուսա Եվլոևին: Ալեքսանյանն ասաց, որ ռեյտինգային ցուցակն իրեն այդքան էլ չի մտահոգում. «Ինձ չի հետաքրքրում, թե որ տեղում եմ ես ռեյտինգային աղյուսակում: Կարևոր է, որ նվաճել եմ ՕԽ-ի ուղեգիր: 16 ըմբիշ է մասնակցելու, ես նրանցից մեկն եմ ու պայքարելու եմ Օլիմպիական ոսկու համար»: Օլիմպիական չեմպիոնն այս տարի 2 գերնպատակ ունի և նրանցից մեկը երեկ երեկոյան կատարվեց. «Իմ առաջին նպատակը Եվրոպայի հնգակի չեմպիոն դառնալն էր: Առջևում ՕԽ-երն են ու ես ցանկանում եմ դառնալ Օլիմպիական կրկնակի չեմպիոն»: Ալեքսանյանը կվերադառնա Հայաստան ու կմասնակցի ուսումնամարզական հավաքի ու չգիտի, թե հաջորդը որ մրցաշարին է մասնակցելու: Երբ նրան հարցրեցին՝ մասնակցելու՞ է Լեհաստանի բաց առաջնությանը, թե՞ ոչ՝ Եվլոևին շրջանցելու համար, նա պատասխանեց. «Չգիտեմ: Ես չեմ որոշում կայացնում: Մարզիչներ են որոշում և որտեղ ասեն, այնտեղ էլ կմասնակցեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս