«Սա ասում եմ, որ Մհեր Գրիգորյանը լիարժեք լսի և մեզ ներկայացնի իրենց անելիքները». Ծառուկյանը՝ գյուղացիներին տրվող վարկերի տոկոսադրույքներից դժգոհ է

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ երեկ խորհրդարանում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ իր կուսակցիները հարց ուղղեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ կապված բանկերի կողմից գյուղատնտեսությանը տրվող տոկոսադրույքների հետ, փոխվարչապետը «լղոզված» պատասխան է տվել:

«Ուզում եմ Մհեր Գրիգորյանը լիարժեք պատասխանի, որ հանրությանը հասկանալի լինի, որ գումարները, որոնք տրվել են գյուղատնտեսության համար և եկել են Կենտրոնական բանկ պետք է ցածր տոկոսներով տան գյուղացիներին: ԿԲ-ն իրավունք ունի 1 տոկոս տոկոսադրույք ավելացնել, 1 տոկոս էլ թող ավելացնի այն բանկը, որը տրամադրում է վարկը և 2 տոկոս տոկոսադրույքով տան գյուղացիներին:

Այդ գումարները եկել են, Մհեր Գրիգորյանը կարող է բացել և տեսնել, թե որ թվականին է եկել: Ինչպես գյուղացիներն են ասում, այդ գումարները ստացել են 20-22 տոկոս տոկոսադրույքով, հիմա պետք է լսումներ կազմակերպել, հասկանալ՝ ժողովուրդը ճի՞շտ է ասում, թե՞ ոչ: Այսօր մարդկանց ամբողջ ունեցվածքը մնացել է բանկերին, որովհետև դրանք գրավ են դրել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գ. Ծառուկյանը:

Ըստ նրա, գյուղացին բանկից վարկ է վերցրել և հինգ անգամ ավելի վճարել է նույն բանկին ու մնացել է վարկի տակ. հիմա ո՛չ իր տունն է իրենը, ո՛չ էլ հողատարածքը:

«Եթե ժողովրդի հաշվին գերշահույթ են ստացել, ուրեմն բոլորը պետք է պատասխան տան: Ես սա ասում եմ, որ Մհեր Գրիգորյանը լիարժեք լսի, ելույթ ունենա կամ գա հանդիպման և մեզ ներկայացնի իրենց անելիքներն ու մոտեցումները»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս