«Նիկոլ Փաշինյանը դեռ կհասցնի դատապարտվել իշխանության յուրացման հոդվածով». Հովհաննես Ավետիսյան
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մի ենթադրություն անեմ, դուք էլ շարունակեք, թե հավես ունեք:
Մտածում եմ, որ Փաշինյան Նիկոլը փչացրեց հեղափոխությունը իր վախերի պատճառով: Էն որ ասում են, թե իբր պայմանավորվածությունների մեջ է նախորդների հետ, ես դրան չեմ հավատում. լուրջ մարդը չի կարող Նիկոլի հետ ինչ-որ բան պայմանավորվել:
Ինչ էի ասում: Նա փչացրեց հեղափոխությունը, մի պարզ պատճառով: Վախենում է հետագայում դատապարտվել այն նույն հոդվածով ինչով, որ հիմա երկրորդ նախագահին են դատում, այսինքն` իշխանության զավթելը:
Եվ ամեն կերպ փորձում է հեղափոխությունը մտցնել «օրինականության» տիրույթ: Ու այս գործընթացում չկա գիտակցում, որ հեղափոխությունը մերժել է այն իրավական համակարգը, ինչի տակ ինքը փորձում է այդ հեղափոխությունը տեղավորել: Եվ չկա այն գիտակցումը, որ հեղափոխությամբ իշխանության գալը մանդատ է ձախողված իրավական համակարգի վերաձևակերպման: Վերաձևակերպում, որը բացառապես կկրեր ժողովրդին իշխանությունը ծառայեցնելու և պետության ինքնիշխանությունը ամրապնդելու նպատակադրումներ:
Եվ հետևաբար այս բոլոր գործողությունները, այսինքն հեղափոխականությունից հետ կանգնելը, որի դրսևորումն էր նաև երեկ ԱԺ-ում տեղի ունեցած բեմադրությունը, ժողովրդի հեղափոխությունը առաջնորդած անձի վախկոտության հետևանք են: Ժողովրդի լայն զանգվածների աննախադեպ միավորումը և հեղափոխության ուժն ու դրանով պետության վերափոխման հնարավորությունները կուլ գնացին մեկ անձի վախերի փարատմանը: Ահա սա է հեղափոխության «առաջնորդի» փաստացի կերպարը:
Արդյունքում, երկիրը մնաց հոռի շրջանում:
Իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ կհասցնի դատապարտվել իշխանության յուրացման հոդվածով»: