«Սա ի՞նչ կատակ է». Օհայոյի բնակիչը սխալմամբ 55.000 նամակ է ստացել միաժամանակ. 19 News
ԱՄՆ-ի Թուինսբերգ քաղաքի (Օհայոյի նահանգ) բնակիչ Դեն Քեյնը նամակներով լի գրեթե 80 տուփ է սխալմամբ ստացել մի ընկերությունից, որը վարկեր է տրամադրում ուսման համար: Այդ մասին հայտնել է 19 News տեղական հեռուստաալիքը։
Փոստային բաժանմունքի աշխատակիցները զանգահարել են Քեյնին եւ առաջարկել են գալ ու տանել College Ave Student Loans ընկերությունից նրան հասցեագրված նամակները: Բաժանմունքում Քեյնին բացատրել են, որ փոստի ծառայողները ի վիճակի չեն տեղափոխել բեռը, որը բաղկացած է 79 տուփից՝ յուրաքանչյուրում 700-ական նամակ: Ստացողին հաջողվել է դրանք իր մեքենայով տեղափոխել երկու ուղեւորությամբ:
Բոլոր տուփերը հասցնելով տուն՝ Քեյնը պարզել է, որ դրանց մեջ գտնվում են նույն բովանդակությամբ նամակներ, որոնք վերաբերում են վարկին, որը Քեյնը եւ նրա կինը վերցրել են բուհում դստեր ուսումնառության համար:
«Ես շփոթահար վիճակում էի: Ինչպե՞ս կարելի է նման սխալ թույլ տալ: Սա ի՞նչ կատակ է»,- հեռուստաալիքը մեջբերում է ամերիկացու խոսքը: College Ave Student Loans-ի ներկայացուցիչներն ընդունել են իրենց թույլ տված սխալը, որը, նրանց խոսքով, տեղի է ունեցել այն ծրագրի խափանման պատճառով, որը նախատեսված է ուղարկվող փոստի վերաբերյալ տեղեկատվության մշակման համար:
Ընկերությունում պատրաստակամություն են հայտնել Քեյնից վերցնել նամակներով տուփերը եւ նրան փոխհատուցում տրամադրել պատճառած անհարմարությունների համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: