Անդրանիկ Քոչարյանն անհանգստացած է Գևորգ Կոստանյանի հոգեկան վիճակով

ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ իրեն տված բնորոշմանը, նշեց, որ Գևորգ Կոստանյանը թող շուտ վերադառնա հայրենիք և իր մտքերը ձևակերպի նախաքննական մարմնի առջև:

«Գևորգ Կոստանյանին շատ բան մի արեք, ես իրոք անհանգստացած եմ իր հոգեկան վիճակով»,- ասաց պատգամավորը:

Հարցին` արդյո՞ք նրա առաջարկած պայմաններին կողմ է, պատգամավորը պատասխանեց. «Իսկ միջազգային դիտորդներ պե՞տք են, որպեսզի ինքը շփվի իրավապահների հետ: Ծիծաղելի է, չէ՞, նախկին դատախազը` կարմիր դիպլոմով ավարտած, պարզվում է՝ ինքը չգիտի ՀՀ-ում գործող օրենքները:

Անհեթեթություններին պատասխանել այլևս չի կարելի: Ինքը պետք է գա ու ներկայանա նախաքննական մարմնին»,- նշեց նա:

Նա նաև վստահ է, որ Գևորգ Կոստանյանը շատ հարցերի դեռ պետք է պատասխանի: «Ես դա ասում եմ՝ որպես նախկինում Մարտի 1-ի փաստահավաք խմբի առանցքային անդամներից մեկը: Եթե բոլորը հրապարակային են ուզում, ապա ինչո՞ւ ենք կանչում Ոստիկանություն, ինչո՞ւ են նախաքննական մարմինները գործեր հարուցում: Ինքը մեղադրյալ է և պետք է շարժվի իր կարգավիճակով: Նրան հարց տվեք` ինչո՞ւ եք, պարոն Կոստանյան, այդպիսի հոգեմետ վիճակում հայտնվել, դա արդյո՞ք արդյունք է իշխանությունը կորցնելու: Վերադարձեք և ձեր հարցերի պատասխանները կգտնեք նախաքննական մարմնում»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս