ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է. Բուքիքիոն զսպվածության կոչ է անում
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «2019թ. հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանում տեղի ունեցող բաց կոնֆլիկտով: Ես ցանկանում եմ հիշեցնել 2019թ. հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովում ձևավորված կարծիքը, որ Սահմանադրական դատարանի վերաբերյալ ցանկացած նախագիծ՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ, պետք է լինի իրապես կամավոր, բացառի ցանկացած անձնական կամ քաղաքական բնույթի ճնշում Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ և չպետք է ազդի դատարանի վարույթում գտնվող գործերի արդյունքների վրա։
Հանրային վերջին հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն կարող նպաստել այս իրավիճակի դեէսկալացիային։
Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև:
Ես նորից կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և չխորացնել այս անհանգստացնող իրավիճակը՝ ապահովվելու համար Հայաստանի Սահմանադրության բնականոն կենսագործունեությունը»: