Լարսը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար. ավտոճանապարհներին բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն անցանելի է բեռնատարների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում (բուք է և մառախուղ):
Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները:
Արագած-Արթիկ և Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Մ-1 ավտոճանապարհի Մայիսյան-Աշոցք հատվածը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Երևանում, «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Արարատի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արագած, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 100 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենաներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։