««ժողովրդի իշխանությունը» փաստացի ուզում է Սահմանադրություն փոխել առանց հանրաքվեի, այսինքն՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին պարզվեց, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նախաձեռնում են փետրվարի 6-ին արտահերթ նիստ հրավիրել։ Արտաքուստ արտառոց բան չկա: Բայց ԱԺ նախագահի համապատասխան հայտարարությունը ԱԺ կայքում մնաց ընդամենը մի քանի ժամ: Մասնագետներն արդեն խոսում էին այն մասին, որ նման ռեժիմով ու նման ժամկետներում ԱԺ արտահերթ հրավիրելն ու միանգամից երկու ընթերցմամբ քննարկելը հակասում է ԱԺ կանոնակարգին:
Երեկ փորձեցինք պարզաբանում ստանալ ԱԺ-ից: Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից հնարավորինս խուսափեցին պատասխանել հարցին՝ նշելով, թե «երեւի տեխնիկական խնդիր է եղել»:
Այլ լրատվամիջոցների էլ աշխատակազմից պարզապես ասել էին, թե պարզաբանում կլինի:
Իհարկե, որքան էլ էական է, թե ինչպես է խորհրդարանում հնարավոր նման խնդիր, այս պարագայում ամենակարեւոր հարցը արտահերթի օրը կամ կայքում հայտարարությունը տեղադրել-հանելը չէ, առավել եւս «կրուտիտը» չէ, նույնիսկ «հետողորմյան» չէ, այլ փաստը, իշխանությունների կողմից նման նախաձեռնությունը:
Փաստացի, մինչ Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, նախատեսվում է դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով:
Նպատակը հասկանալի է: Սակայն երեկ արդեն իսկ բազմաթիվ իրավաբաններ գնահատեցին, որ «ակնհայտորեն վերացվում են իրավական եւ ժողովրդավարական պետության համար կարեւորագույն հենասյուները՝ իրավունքի գերակայության, իշխանությունների զսպման եւ հավասարակշռման, օրինականության սկզբունքները», «հիմնավորման մեջ առնվազն համարժեք չեն ընկալվել եւ մեկնաբանվել Սահմանադրության հիմնադրույթները, առկա է ակնհայտ շփոթ», նման հիմնարար փոփոխությունները չեն կարող արվել «ոտքի վրա», առավել եւս առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացության եւ այլն:
Գաղափարն ինքնին սուր քննադատության է արժանացել նաեւ ընդդիմադիր ուժերի կողմից:
Ի դեպ, շատերն են ուշադրություն հրավիրում այն հանգամանքին, որ «ժողովրդի իշխանությունը» փաստացի ուզում է Սահմանադրություն փոխել առանց հանրաքվեի, այսինքն՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու»: