Ալեն Սիմոնյանի համար Սահմանադրական բարեփոխումների կարելի է հասնել 1-2 ամսում, նախարար Բադասյանի համար՝ մինչև տարեվերջ
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանից այսօր լրագրողները փորձեցին մեկնաբանություն ստանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս տված հարցազրույցի վերաբերյալ։
«Ռոբերտ Քոչարյանը Երկրորդ նախագահ չի, երբևէ չի ընտրվել Հայաստանի նախագահ, երկու ընտրություններն էլ վստահություն չեն ներշնչում ՀՀ քաղաքացիների մոտ։ Ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կտրված է իրականությունից, ինչպես որ մշտապես եղել է։ Հայաստանում որևէ արտահերթ գործընթացի կարիք չկա, եթե կա, ապա արտահերթ կերպով պետք է լուծել ՀՀ-ին հասցված այն վնասը, որ մենք ժառանգություն ենք ստացել»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին՝ ե՞րբ են պատրաստվում լուծել Սահմանադրական դատարանում՝ իրենց առջև դրված խնդիրը, Սիմոնյանը պատասխանեց, որ մեկ-երկու ամսից կլուծեն։
«Ես ասացի, թե ինչքան ժամանակ կարող է տևել, բայց չասացի, թե ի՞նչ գործընթացներ կլինեն։ Փակագծեր չեմ բացի»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ մեկ-երկու ամիսը պայմանավորված է այն գործընթացներով, որոնք արդեն ավարտին են հասցվում։
«Իրավական գործընթացների մասին է խոսքը, որտեղ լուծումներ են լինելու։ ՍԴ-ն, որը մի վայր է, որը մնացել է հին աշխարհում, ազատվելու է և հայտնվելու նոր Հայաստանում՝ ուզի թե չուզի Հրայր Թովմասյանը»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին՝ եթե Թովմասյանի հետ կապված խնդիրը լուծվի, արդյոք դարձյալ իշխանությունը կգնա՞ սահմանադրական բարեփոխումների, Սիմոնյանը հարցով պատասխանեց.
«Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ բարեփոխումներով կլինի դա։ Ես կարծում եմ՝ շատ ավելի շուտ այդ հարցը կարելի է լուծել բարեփոխումներով»: Նա ըստ էության հակադրվեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մատնանշած առավել երկար ժամկետներին։
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ասել էր, որ սահմանադրական բարեփոխումների լավագույն դեպքում հնարավոր կլինի հասնել մինչև տարեվերջ։