«Ես էլ պնդում եմ՝ Հայաստանի վարչապետ, դու նախ քո վերաբերմունքն արտահայտիր. Երբ նա խոսում է 7 շրջանի վերադարձի մասին, ինքը դրան կո՞ղմ է». Արա Հակոբյան
Բանակում ծառայելն անհրաժեշտ է, ինքս ծառայել եմ և կարծում եմ, որ վարչապետը, որը պատերազմական իրավիճակում լինելու է մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, պետք է հասկանա, թե ինչ ասել է՝ բանակ, բանակի կառավարում։ Կարծում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է բանակում անպայման ծառայած լինեն, և սա իմ անձնական կարծիքն է։ Այս մասին այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը՝ անդրադառնալով բանակում չծառայելու և պետական բարձր պաշտոն զբաղեցնելու համատեղության հարցին։
Խոսելով Արցախյան հիմնախնդրի և հունվարի 29-30-ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին՝ Արա Հակոբյանը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ի՞նչ սկզբունքներ են դրված լինելու սեղանին, և Հայաստանն ի՞նչ փաստաթղթերի շուրջ է բանակցելու Ադրբեջանի հետ։
«Մենք համաձայն չենք նախորդ իշխանությունների ժամանակ սեղանին դրված բանակցային փաթեթի հետ, բայց արդյո՞ք օրվա իշխանությունն ասում է, թե իրենք ինչ են քննարկում։ Երբ ասում են, որ սեղանին փաստաթուղթ չկա, ապա պետք է ասեմ, որ դա այդպես չէ, և մի անգամ չէ, որ Մինսկի խմբի համանախագահները և ադրբեջանական կողմն ասել են, որ փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքներն են և դրա լավրովյան կամ կազանյան տարբերակները։ Հիմա, եթե Հայաստանի վարչապետն ասում է՝ Արցախի նախագահի թեկնածուներ, ձեր վերաբերմունքն արտահայտեք, ապա ես էլ պնդում եմ՝ Հայաստանի վարչապետ, դու նախ քո վերաբերմունքն արտահայտիր։ Ես հարցնում եմ՝ երբ Հայաստանի վարչապետը խոսում է 7 շրջանի վերադարձի մասին, ինքը դրան կո՞ղմ է, նրա անձնական դիրքորոշումը ո՞րն է այդ հարցի վերաբերյալ։ Այստեղ կա անորոշություն, և անհայտ ու անորոշ է նաև, թե վաղը կամ մյուս օրն ի՞նչ են քննարկելու Հայաստանի և Արցախի արտգործնախարարները։ Խուսափում են ասել նաև, թե այսօրվա ղեկավարությունն ինչպե՞ս է վերաբերվում Մադրիդյան սկզբունքներին»,- ասաց Արա Հակոբյանը։
Հակոբյանի համոզմամբ՝ թեև Արցախի վերաբերյալ ցանկացած որոշման համար պատասխանատվություն ենք կրելու բոլորս, սակայն տարբեր են լինելու կրած պատասխանատվությունների չափերը:
«Այսօրվա իշխանություններն են վարում Արցախի հարցի բանակցությունները, հետևաբար՝ դրանց որակի համար հիմա պատասխանատու են հենց իրենք»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Արցախի հետ կապված՝ կառավարության ղեկավարի մի շարք հայտարարություններ շարունակում են անկատար մնալ, թեև դրանք ասելուց անցել են ամիսներ։
«Արցախի բանակցությունների հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը մի շարք բաներ է ասել, որոնք իրականություն դարձնել այդպես էլ չի լինում. օրինակ, Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին, որը տեղի չի ունենում»,- ասաց Հակոբյանը՝ շեշտելով, որ Արցախյան պատերազմում մենք հաղթել ենք, ուստի հիմա չպետք է գնալ այդ հաղթանակի արդյունքները չեղարկելու ճանապարհով։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանն անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող գործողություններին:
«Իրենց ցանկությունն է, որ ինչպես՝ գործադիր և օրենսդիր, այնպես էլ՝ Սահմանադրական դատարանը լինի իշխող ուժի վերահսկողության տակ։ Էլ ի՞նչ անեն, որ պարզ դառնա, որ միջամտում են, բայց Սահմանադրական դատարանի անկախությունն այն հակակշիռը կարող է լինել, որ Հայաստանում մենք վերջնականորեն չգնանք ավտորիտար կամ բռնապեռտական համակարգի։ Այստեղ մենք փորձում ենք պաշտպանել Սահմանադրական դատարանը՝ այդ ինստիտուտը պաշտպանել օրվա իշխանության հարձակումներից։ Այդ ինստիտուտի ամեն մի դատավոր ու դատարանի նախագահ պետք է լինի հանրության պաշտպանության ներքո։ Այն, ինչ այս մի քանի օրվա մեջ եղավ՝ գրիչ, խուզարկություններ, դրանք ճնշումներ են։ Առայսօր այդ դատավորները չեն ընկրկում, հույս ունենանք՝ կկարողանան պահել այդ բաստիոնը։ Կրկնում եմ՝ Սահմանադրական դատարանը՝ որպես ինստիտուտ, պետք է լինի հանրության պաշտպանության ներքո»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ իր տպավորությամբ՝ Սահմանադրական դատարանը ցույց է տվել, որ չի պատրաստվում կատարել օրվա իշխանության հանձնարարականները, ինչի պատճառով էլ սկսվել են ճնշումներ այդ կառույցի նկատմամբ։
«Այստեղ պետք է հիշել, որ կա Ստամբուլյան կոնվենցիա, Արցախի խնդիր, որոնք պետք է դեռ անցնեն ՍԴ-ի քննությունը, իսկ օրվա իշխանությունը հասկացել է, որ, եթե ՍԴ-ն մնում է անկախ, ապա իր ոչ բոլոր ծրագրերը կարող է անցկացնել»,- ասաց Հակոբյանը։
Խոսելով արտահերթ խորհրդարանական հնարավոր ընտրությունների մասին՝ Ա. Հակոբյանը նշեց, որ ամեն ինչ հանգում է դրան, քանի որ գործող իշխանությունը չգնաց համակարգային փոփոխությունների և չարդարացրեց այն ակնկալիքները, որոնք դրված էին 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հիմքում։
Ըստ Հակոբյանի՝ օրվա իշխանության համար կարևոր դարձավ թշնամիների փնտրտուքը՝ սեփական վարկանիշը բարձրացնելու համար, սրան զուգահեռ՝ կազմալուծվեցին պետական ինստիտուտները, այնպես որ, եթե այսպես շարունակվեց, ապա միանշանակ է, որ առաջանալու է արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում