Արսեն Թորոսյանը կփորձի իմ մուտքն արգելել այլ հիվանդանոցներ. 25 տարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում աշխատած բժիշկ
1995 թվականից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում աշխատող և վերջին տասը տարում կենտրոնի Ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչի պաշտոնում աշխատած բժիշկ Արման Գրիգորյանն արդեն ծանուցվել է՝ 2020 թվականի փետրվարի 18-ից պետք է հեռանա բժշկական կենտրոնից, քանի որ բաժանմունքի վարիչի հաստիքը կրճատվում է, իսկ այս պահին հիվանդանոցն այլ աշխատանք չի կարող առաջարկել իրեն։
«Հաստիքի կրճատման պատճառը, իմ կարծիքով, այն է, որ ես հարմար չեմ նոր ղեկավարությանը։ Այս նոր ղեկավարությունը բազմաթիվ անգամներ ասել է, որ ես նախկին տնօրենին եմ պաշտպանում, բացի այդ, առաջարկում են լռեցնել իմ եղբորը՝ առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանին, եթե, իհարկե, ցանկանում եմ պահպանել իմ աշխատատեղը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց բժիշկ Գրիգորյանը՝ իր ազատման հիմնական պատճառ դիտարկելով Առողջապահության նախարարի գործունեության վերաբերյալ՝ եղբոր հնչեցրած քննադատությունները։
Արման Գրիգորյանը, որը 1995 թվականից ճանաչում է բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանին, որին նաև համարում է պրոֆեսիոնալ մասնագետ, վստահեցնում է՝ դեմ է եղել Արա Մինասյանին այդ եղանակով բժշկական կենտրոնից հեռացնելուն, քանի որ վստահ էր, որ դա բերելու է լարվածության, ինչին էլ ականատես եղավ Արա Մինասյանի հեռանալուց հետո։
«Եկավ նոր թիմ, եկան «մերոնք, ձերոնք» կարգախոսներով, սակայն ընթացքում տեսան, որ մենք նորմալ բժիշկներ ենք, որ իրենց հետ նորմալ աշխատում ենք։ Սկզբում մտածում էին, որ մեր բժշկական կենտրոնը հանցագործների բուն է, բայց ընթացքում տեսան, որ մենք ընդամենը բժիշկներ ենք, և սկսեցին մեզ հետ աշխատել, իհարկե, այս նորերի մեջ կային նաև բավականին լավ մասնագետներ։ Այս նոր տնօրենը՝ պարոն Հովակիմյանը, փորձում է կարևորել բժիշկների պրոֆեսիոնալիզմը, բայց կարծում եմ՝ պարտավորություններ ունի նախարարի նկատմամբ, այն է՝ հեռացնել նախարարի համար ոչ ցանկալի մարդկանց»,- ասաց Արման Գրիգորյանը։
Այս բժշկական կենտրոնում տասնամյակներ աշխատած բժիշկը, որը պետք է այժմ հեռանա, հիշում է, թե ինչպես էր Արա Մինասյանը, օրինակ, հուշանվերներով ճանապարհում թոշակի գնացող բժիշկներին, սակայն Արսեն Թորոսյանից որևէ սպասելիք չունի։
«Որևէ բան նրանից չեմ սպասում։ Գիտեք՝ մարդիկ կան, որոնք ամեն կերպ ցանկանում են բավարարել իրենց ամբիցիաները, փոքր ժամանակ չստացած խաղալիքները։ Նա իմ քաշայինը չէ, որ փորձեմ նրանից որևէ բան սպասել։ Անգամ հեռակա կարգով Թորոսյանն իր պահելաձևով, իր տղամարդկային պահվածքով չի առաջացնում ինձ մոտ տպավորություն, որ կարելի է Թորոսյանից որևէ հարցի լուծում կամ որևէ հարցի պատասխան սպասել։ Մեր տնօրեն Հովակիմյանն այդ առումով ավելի նախընտրելի է, ավելի նպատակահարմար է նրա հետ խոսել, թեև նրա հետ էլ որևէ խոսակցություն չեմ պատրաստվում ունենալ»,- ասաց Արման Գրիգորյանը։
25 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժշկի կարծիքով՝ Հայատանում առողջապահությունն անվստահելի ձեռքերում է, ու ինքը չի հասկանում, թե ո՞ւր են տանում իրականացված այս կամ այն ծրագրերը։
«Ես տեսնում եմ, որ բժիշկներ են մնում առանց աշխատանքի, սոցիալական խնդիրներ են առաջանում, բայց չէ՞ որ եկել էին, որ բարելավեն»,- ասաց Արման Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այժմ բժշկի մասնագիտական հմտությունները շատ հաճախ ստորադասվում են տարատեսակ նպատակների։
«Մենք կջնջենք, նորը կկառուցենք, ով մեզ հետ չի քայլել, մեր դեմ է. նման բաներ եմ տեսնում, բայց իմ գաղափարախոսությունը հետևյալն է՝ պետությունը բոլորինն է։ Հիմա լարվածություն կա բժիշկների և պացիենտների միջև, բացասական մեծ քանակի էներգիա կա, այս նորաստեղծ ղեկավարության ժամանակ ես անձամբ լարվածություն եմ զգում, կան կողմնակի խոսակցություններ, որոնք խանգարում են մասնագիտական աշխատանքին»,- ասաց Գրիգորյանը։
Բժիշկը հայտնեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հեռանալուց հետո որոշակի դադար կվերցնի, որից հետո կփորձի այլ հիվանդանոցում աշխատանքի անցնել, եթե, իհարկե, Արսեն Թորոսյանը չհրահանգի աշխատանքի չվերցնել։
«Եթե նախարարի հրահանգները չլինեն՝ ինձ որևէ այլ հիվանդանոցում աշխատանքի չընդունել… ինձ թվում է՝ կփորձի իմ մուտքն արգելել այն հիվանդանոցներ, որոնք իրենից կախվածություն ունեն»,- ասաց բժիշկ Գրիգորյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում