ՀՅԴ-ն՝ ընդդեմ Արման Բաբաջանյանի. պահանջում են հրապարակային ներողություն

ՀՅԴ-ն հունվարի 8-ին դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի: ՀՅԴ-ի շահերի պաշտպան, փաստաբան Հայկուհի Սեդրակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դիմումի հիմքում ընկած է պատգամավորի՝ 2019-ի դեկտեմբերի 6-ին ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթը.

«Հայցը ներկայացվել է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով, պահանջը վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելը, զրպարտության համար փոխհատուցում վճարելն է: Հայցադիմումը մուտք է արվել հունվարի 8-ին, DataLex.am տեղեկատվական կայքից տեղեկացանք, որ գործն արդեն  մակագրված է դատավոր Ավագ Գաբրիելյանին, թե ի՞նչ որոշում կկայացվի, այսինքն՝ դիմումը կընդունվի՞, կվերադարձվի՞, թե՞ կմերժվի, այս պահին ասել չենք կարող»:

Հայցվորները 11-ն են, նրանց թվում՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը և այլք:
Արման Բաբաջանյանի 2019-ի դեկտեմբերի 6-ի ելույթը վերաբերում էր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության արդեն արտաքսված անդամների  տարածած նամակին, որում ասվում էր, թե կուսակցական ժողովի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն  իբր հորդոր էր հնչեցրել «պարտիզանական մարտեր մղել»  իշխանության դեմ: Բաբաջանյանն իր ելույթում ասել էր, որ ՀՅԴ-ն հայտնի է ահաբեկչական անցյալով, և ԱԺ-ին առաջարկել էր  գնահատական տալ, ԱԱԾ-ին էլ՝ ուշադրության տակ առնել կուսակցությանը:
Երեկ պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր դեմ ներկայացված դատական հայցին և այն որակել չկշռադատված քայլ.

«Եթե ՀՅԴ-ն այդ ելույթի համար իմ դեմ դատական հայց է ներկայացնում, պետք է պատրաստ լինի նույն մեղադրանքները լսել նաև դատարանում, որտեղ կներկայացվեն, բնականաբար, նաև դրանք ապացուցող փաստարկներ՝ սկսած 1990-ականների մամուլի հրապարակումներից՝ մինչև «Դրոյի» և մյուս գործերով հազարավոր նյութեր»:

«Կհանդիպենք դատարանում»,- եզրափակել է պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս