ԵՊՀ մամուլի խոսնակը դատարանում կվիճարկի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշումը
Հունվարի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կքննի ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի հայցն ընդդեմ ԵՊՀ հիմնադրամի: 168.am-ի հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակն ասաց, որ նիստի օրը վիճարկվելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշման օրինականությունը:
«Որոշումը վերաբերում է իմ վերադասության սկզբունքին: Ըստ այդ որոշման՝ ես պետք է ենթարկվեմ պրոռեկտորին, բայց ես վիճարկում եմ դա և ասում եմ, որ ես պետք է ենթարկվեմ ռեկտորին»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը:
Չորս ամիս առաջ ԵՊՀ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ բուհի հետ ուներ անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր, որն իր վարչության վերակազմավորումից հետո ԵՊՀ նոր ղեկավարությունն ապօրինաբար դարձրել է մինչև դեկտեմբերի 31-ը: Խնդիրն այս մասով շտկվել է, վերականգնվել է մինչև որոշումը եղած կարգավիճակը:
«Իմ պայմանագիրը դարձել է անորոշ ժամկետով: Ես առաջիկա նիստի օրը հետ եմ վերցնելու հայցս: Անորոշ ժամկետով են դարձել նաև իմ վարչության մյուս աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, անգամ նրանցը, որոնցն անորոշ ժամկետով չէր»: