Բաժիններ՝

«Չկա սահմանամերձ մի գյուղ, որտեղ նորմալ կահավորված ապաստարաններ չլինեն». Տավուշի մարզպետ

2019թ. փետրվարի 6-ին, երբ Հայկ Չոբանյանը նշանակվեց ՀՀ Տավուշի մարզպետ, խոստացավ, որ աշխատելու են Ռուսաստան արտագաղթած՝ մարզի բնակիչների ներգաղթն ապահովելու ուղղությամբ:

168.am-ը փորձեց Տավուշի մարզպետից պարզել, թե Ռուսաստանից քանի՞ ընտանիք է հաջողվել վերադարձնել հայրենիք այս ընթացքում:

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ արդեն մի քանի տասնյակ ընտանիքի ներգաղթ հաջողվել է ապահովել:

«Կան ընտանիքներ, որոնք արդեն վերադարձել են, բայց ես կարծում եմ, որ ծրագրի հիմնական էտապը մենք եկող տարի կունենանք: Գործընթացը սկսված է, հատուկ ծրագիր ունենք, որով զբաղվում ենք: Սա համարում ենք մեր կարևորագույն ծրագիրը: Վերադարձած ընտանիքները Տավուշի մարզի տարբեր համայնքներից են, խոսքը մի քանի տասնյակ ընտանիքի մասին է»,- նշեց Չոբանյանը:

Մարզպետը վստահեցրեց, որ վերադարձածների հետ տարաշերտ աշխատանք է տարվում. առաջին՝ սոցիալական բաղադրիչ, երկրորդ՝ առողջապահական հարցեր, երրորդ՝ երեխաների հետ կապված հարցեր, այդ թվում՝ կրթության:

«Սոցիալական աջակցության առաջին մասը դա բնակարանի վերանորոգման և կենցաղային սարքավորումների ձեռքբերման հարցում օգնությունն է, ինչպես նաև՝ խիստ սոցիալական խնդիրների դեպքում որոշակի միանվագ ֆինանսական աջակցության ցուցաբերումը: Մյուսը ձեռներեցության բաղադրիչն է՝ օգնել տնտեսություն վարել, աջակցել այդ գործում: Դա արվում է պետական, միջազգային ծրագրերն այդ մարդկանց հասանելի դարձնելու տարբերակով, երբ հատուկ գործիքակազմով թրեյնինգներ ենք անում, նրանց հետ միասին մշակում իրենց բիզնես ծրագրերը, աջակցում, որ կարողանան օգտվել գյուղատնտեսական վարկերից, որոնց տոկոսները սուբսիդավորվում են պետության կողմից, միջազգային ծրագրերից: Որոշակի աջակցության ծրագրեր են իրականացվում նաև կենդանիների տրամադրման ձևով, մեծ քանակով չենք կարողանում, բայց 2 խոշոր կամ մանր եղջերավոր կենդանիներ տալիս ենք ընտանիքներին, որ կարողանան ամրանալ և ամրապնդել իրենց»,- մանրամասնեց նա:

Այս համատեքստում մարզպետը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին պատրաստվում են նոր ցեղային անասնապահական ֆերմա բացել Գոշ գյուղում:

«Երևի այս տարի կավարտենք ևս մի ծրագիր, այն է՝ Ջուջևանում կբացվի տարածաշրջանում ամենախոշոր կաթի վերամշակման գործարանը»,- տեղեկացրեց Հայկ Չոբանյանը:

Մարզի սահմանամերձ համայնքների անվտանգային և ապաստարանների հետ կապված հարցին ի պատասխան՝ Տավուշի մարզպետը վստահեցրեց, թե չկա սահմանամերձ մի գյուղ, որտեղ նորմալ կահավորված ապաստարաններ չլինեն:

«Ունենք մի քանի տասնյակ ապաստարաններ: Այս տարվա ընթացքում վերակառուցել և վերազինել ենք 5 ապաստարան, իհարկե, հիմնական շեշտը դնում ենք սահմանամերձ գյուղերի վրա: Ունենք 27 սահմանապահ գյուղ»,- լրացրեց մեր զրուցակիցը:

Հիշեցմանը, որ Տավուշի մարզից հաճախակի են գրանցվել սահմանի հատման դեպքեր, իսկ հատողների մեջ եղել են նաև հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողներ, ուստի շատ կարևոր է նաև սահմանին մոտ փշալարերի անցկացումը, պատերի կառուցումը, Տավուշի մարզպետը պատասխանեց.

«Ցավոք սրտի, այդ պատերը դեռ չենք կարող կառուցել, բայց հիմնականում փշալարերն անցկացված են: Անցած տարի, երբ Բերդավանում դեպք ունեցանք, դրանից հետո ավելի հետևողական եղանք այդ հարցերում: Մենք շուրջ 300 կմ սահման ունենք թշնամու հետ, և, բնականաբար, այդ 300 կմ-ն չենք կարողացել ամբողջությամբ փակել: Ի վերջո, այստեղ նաև ռելիեֆային խնդիր կա, հարթ տարածք չի, որ ամբողջությամբ կարողանանք փակել: Բայց այսօր կարող ենք ասել, որ սահմանն ավելի բարձր մակարդակի հսկողության ներքո է, որին հասել ենք նաև հատուկ տեխնիկական սարքավորումների շնորհիվ»:

Մարիամ Պետրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս