Դավիթ Հարությունյան. ՀՀ-ի հետ առնչություն չունեցողները չպետք է մասնակցեն իշխանության ձևավորմանը
««Ժառանգությունը» դեռ պետք է ապացուցի, համոզի հասարակությանն ու քաղաքական ուժերին, որ նման օրենսդրական նախաձեռնություն ընդունելու անհրաժեշտություն կա»,-168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության օրերս ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ առաջարկվում է ընտրելու իրավունք սահմանել արտասահմանում բնակվող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների համար:
Իսկ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, նույն թեմային անդրադառնալով, ասաց, որ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությունը սխալ նախաձեռնություն է:
«Եթե մենք ունենք երկքաղաքացիություն, արտասահմանում ապրող հայերի ընտրական պրոցեսի մասնակցությունը կարող է վտանգել ներքաղաքական կյանքը: Բազմաթիվ մարդիկ, ովքեր առնչություն չունեն Հայաստանի հետ, պետք է մասնակցեն իշխանության ձևավորմանը: Ինչը ես ճիշտ չեմ համարում»,- շեշտեց Դ. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից գրավոր դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով: Դիմումի համաձայն՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածը հնարավորություն չի ընձեռում արտերկրում գտնվող կամ բնակվող ՀՀ մյուս քաղաքացիներին ևս՝ իրացնելու իրենց` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը: